Սերժ Թանգյանը այս ամառ կթողարկի երկու ալբոմ

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանգյանը պաշտոնապես հայտարարել է, որ այս ամառ կթողարկի ոչ թե մեկ, այլ երկու ալբոմ, հաղորդում է Ultimate Guitar երաժշտական կայքը: Առաջինը` հունիսի 25-ին, կթողարկվի Orca խորագիրը կրող ալբոմը, որը համարվել է «Թանգյանի առաջին իսկական սիմֆոնիան»: Իսկ երգչի` Jazz-iz-Christ երաժշտական ծրագրի շրջանակներում ձայնագրված երկրորդ ալբոմը նախատեսվում է թողարկել հուլիսի 23-ին:

Orca-ն ձայնագրվել է Ավստրիայում 2012թ. հոկտեմբերին: Դիրիժոր Վերներ Շթայնմեցի ղեկավարած չորս գործողությունները կրող ալբոմում հնչելու են վաղ 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործությունները` միաձուլված ժամանակակից ֆիլմի կոմպոզիցիոն դինամիկային: Ինչ վերաբերում է մի շարք հայտնի երաժիշտների հետ համատեղ ջանքերով ստեղծված Jazz-iz-Christ ալբոմին, այն բաղկացած է 13 երգերից, որոնք կրում են էլեկտրոնային երաժշտության, ավանդական ջազի էլեմտներ, նաև` ոչ ավանդական ջազային տարրեր:

Սերժ Թանգյանի հետ համատեղ ալբոմի վրա աշխատել են տաղանդավոր դաշնակահար Տիգրան Համասյանը, շեփորահար Թոմ Դափրին (Prometheus Bound band), ֆլեյտահար Վալերի Տոլստովը, ջութակահար և դերասան Դավիթ Ափլայը և այլ հրավիրված երաժիշտներ: Ալբոմը հիմնականում գործիքային կատարումներ է պարունակում և 3 երգ` Սերժ Թանգյանի վոկալ կատարմամբ: Դաշնակահար Տիգրան Համասյանի նվագակցությամբ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը, որը կթողարկվի Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում: Վոկալիստը նաև պատրաստվում է սեպտեմբեր-հոկտեմբերին համերգներով հանդես գալ Ռուսաստանի և Իտալիայի ինը քաղաքներում:

Մեկնաբանել