ԼՂՀ ԱԺ-ում կայացել է Եվրոպա-Արցախ պատգամավորական հանդիպումը

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում ապրիլի 26-ին տեղի է ունեցել  ԼՂՀ ԱԺ պատգամավորական կազմի հանդիպումն այդ օրը կարճատև ճանաչողական այցով Արցախ ժամանած Եվրոխորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներից ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներից բաղկացած համատեղ պատվիրակության հետ, ասվոմ է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, կառավարության անդամներ, գերագույն դատարանի դատավորներ, արտգործնախարարության պատասխանատու աշխատակիցներ, Արցախի պետհամալսարանի ղեկավարներ և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։

Եվրոպայից ժամանած հյուրերի թվում են եղել ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, համատեղ պատվիրակության ղեկավար Էլենի Թեոխարուսը,  Եվրոխորհրդարանի պատգամավորներ Էվարդ Ստադլերը, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն և Գի Տեսսիեն, բելգիացի հայտնի հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին։ Հանդիպմանը մասնակցում էին Երևանից պատվիրակությանն ուղեկցող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և պատգամավոր Թևան Պողոսյանը։

Հանդիպումը վարել է  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Խորհրդարանի անունից ողջունելով ու բարի գալուստ մաղթելով Եվրոխորհրդարանի և  Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, նրանց ուղեկցող անձանց, ԱԺ նախագահը նշել է, որ այդ օրը հիշարժան է Արցախի խորհրդարանի տարեգրության մեջ։  «Մեզ համար չափազանց հաճելի է ու պատվաբեր ձեզ հյուրընկալել այստեղ՝ մեր հայրենիքում, որի հանդեպ դուք նույնպես անտարբեր չեք։ Անկախ, ինքնիշխան պետականություն կերտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները մշտապես ուրախ են հայրենի հողում տեսնել եւ հյուրընկալել բարեկամների։ Մենք հենց այդպես էլ՝  որպես բարեկամների այց ենք ընկալում ու գնահատում ձեր՝ միջազգային շրջանակներում, ինչպես որ ձեր հայրենի երկրներում՝ Կիպրոսում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բելգիայում բարձր հեղինակություն վայելող ներկայացուցիչներիդ, ժամանումն Արցախ»։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ եվրոպացի պատգամավորների այցը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ ժողովրդավարական արժեքների օրրան Եվրոպան և նրա միջազգային ու ազգային օրենսդրական կառույցները, առաջնորդվելով իրենց իսկ հռչակած և համընդունելի ժողովրդավարական արժեքների համատարած հաստատման ու պահպանման սկզբունքներով, ամենևին էլ անտարբեր չեն, ավելին՝ մեծապես շահագրգիռ և ուշադիր են ազգային-ազատագրական պայքարի ելած ժողովուրդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի,  ճակատագրի նկատմամբ։ Մենք այստեղ՝ Արցախում, նշեց նա, խորապես հավատում ենք այս իրողությանը, ինչը մեզ շարունակաբար վստահություն է ներշնչում ազատության նվաճման, անկախ պետականության կառուցման, հանրային-պետական կյանքում ժողովրդավարական արժեքների աստիճանական հաստատման մեր, մեղմ ասած, ոչ այնքան դյուրին ճանապարհի բոլոր հանգրվաններում։

«Արժանվույնս գնահատելով միջազգային, այդ թվում՝ եվրոպական  կառույցներում, պետական կառավարման ազգային մարմիններում գործող մեր բարեկամ քաղաքական գործիչների, օրենսդիրների կողմից մեր ձգտումների և խնդիրների զգայուն ընկալումն ու բարոյական աջակցությունը, որի ցայտուն արտահայտությունն է նաև ձեր այս այցն Արցախ, մենք գտնում ենք, որ վաղուց ժամանակն է, որպեսզի  միջազգային հանրությունը, ի շարս վերջին տարիներս պետական անկախություն հռչակած այլ երկրների, իր մեջ ընդգրկի նաև  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ էական քայլեր կատարելով նրա իրավական ճանաչման ասպարեզում»,- նշել է ԱԺ նախագահը։ Նրա հավաստմամբ՝ հենց այդ ընդառաջ քայլերով է պայմանավորված տարածաշրջանում կայունության և խաղաղության վերջնական հաստատման իրական հնարավորությունը, ինչում շահագրգռված ենք թե մենք, թե համայն աշխարհը։ 

Հանդիպմանը պատասխան ելույթով հանդես է եկել նաև Եվրոպայից ժամանած պատգամավորական պատվիրակության ղեկավար Էլենի Թեոխարուսը։

«Ամեն մարդ, աշխարհում ունի իր հայրենիքը,-նշել է նա։- Անձամբ ինձ պատիվ է վիճակվել երկու հայրենիք ունենալ. մեկը Հունաստանն է, մյուսը՝ Արցախը։ Բայց ինձ համար Արցախն առավելապես նորածին մանուկ է հիշեցնում, որին  մշտապես ուզում եմ գիրկս առնել ու գուրգուրել մայրաբար»։ Տիկին Թեոխարուս խոսքով՝  այսօր Արցախն աշխարհին ներկայանում է որպես մարտնչող ժողովրդավարության երկիր, ունի հպարտ ժողովուրդ, այստեղ ապրում են մարդիկ, ովքեր հավատում են աշխարհում ազատության ու արդարության հաղթահանդեսին։

«Երբ առաջին անգամ ոտք դրեցի Արցախյան հողում,- նշել է նա,- իսկ  դա երկու տասնամյակ առաջ էր, եկել էի որպես բժշկուհի և ինձ դիմավորեց Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա առողջապահության նախարար Վյաչեսլավ Աղաբալյանը, ես չէի կարող պատկերացնել, որ տասնամյակներ անց կանգնած կլինեմ ահա այստեղ՝ Ազգային ժողովում և կդիմեմ ձեզ՝ որպես Եվրոպական խորհրդարանի անդամ։ Էլենի Թեոխարուսի խոստովանությամբ՝ դա մեծ պատիվ է իր համար»։

«Այն պայքարը, շեշտել է Եվրոխորհրդարանի պատգամավորը, որ դուք մղել եք հանուն ազգային ինքնորոշման հաղթանակի, պայքար էր նաև հանուն  եվրոպական քրիստոնեական մշակույթի պահպանման համար, ուստի գտնում եմ, որ այստեղ՝ Արցախում, մենք պաշտպանում ենք նաև եվրոպական արժեքներն ու քաղաքակրթությունը, պաշտպանում ենք ոչ միայն հայ ժողովրդի, այլև աշխարհի ցանկացած անկյունում ապրող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ազատությունը։«Եվրոպայի համար դուք դարձել եք խորհրդանիշն այն ճշմարտության, որ կյանքից առավել կարևոր է ազատությունը»,-շեշտել է նա։

Եվրոխորհրդարանի պատգամավորի խոսքով՝ անկախ նրանից, թե միջազգային իրավունքում որ սկզբունքն է գերակա, կգա ժամանակ, երբ թե  Եվրոպայում և թե ամբողջ աշխարհում կհասկանան, որ որոշում կայացնելու ժամանակ առավել կարևորն ազգային ինքնորոշման իրավունքն է։ Կիպրոսի հետ կապված իմ փորձը ցույց է տալիս, նշեց նա, որ երբ համաձայնում ենք  սկզբունքների հերթագայությանը, այսինքն՝ թե որ սկզբունքը պետք է գերակայի որի նկատմամբ, ունենում ենք դոմինոյի էֆեկտ, արդյունքում՝  այլևս հետդարձի ճանապարհ չի լինում։ «Ես հուսով եմ, որ դուք Արցախում այդ քայլին երբեք չեք դիմի»,– զգուշացրել է տիկին Թեոխարուսը։

Խոսքի ավարտին Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խնբի նախագահը շնորհավորել է Արցախի ժողովրդին` անցյալ տարի տեղի ունեցած նախագահական, նրա բնորոշմամբ, միանգամայն ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ:

Այնուհետև ելույթ է ունեցել ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: Հայտնելով, որ տպավորված է գանձասարի վանք կատարած այցից, նա նշել է. «Մեզ համար մեծապես  կարևոր է, որ այս հողի վրա առկա հայկական մշակույթը քրիստոնեական արժեք է և հաճելի է գիտակցել, որ, չնայած աշխարհագրական հեռավորությանը, մենք կիսում ու պաշտպանում ենք նույն քրիստոնեական արժեքները»։ Տիկին Բուայեն ափսոսանք է հայտնել, որ ամբողջ աշխարհը խոսում է միայն Կոսովոյի մասին, մինչդեռ այսօր շատ քչերը գիտեն Ղարաբաղի մասին: «Աշխարհին պետք է ավելի շատ տեղեկատվություն մատակարարել ձեր երկրի ու ձեր ժողովրդի, ազատության ձեր ձգտումների, ձեր անկախության մասին»,-նշել է նա։ Խոսելով Ֆրանսիայում ստեղծված Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի մասին, նա նշել է, որ այն նպատակ է հետապնդում նպաստել Լեռնային Ղարաբաղի ազատությանն ու անկախության ամրապնդմանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի նախագահ արտակ Զաքարյանը, ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը կերտում է իր պետականությունը եւ այդ ճանապարհից այլեւս հետ չի կանգնելու:

Ամփոփելով հանդիպման արդյունքները, ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին։  «Այս դահլիճում մեր բարեկամների հետ հանդիպումը  ոչ առաջինն է և ոչ էլ՝ վերջինը, մենք միշտ պատրաստ ենք հյուրընկալել եվրոպացի և այլ տարածաշրջանների մեր բարեկամներին, որովհետև աշխարհից թաքցնելու ոչինչ չունենք»։ 

ԼՂՀ ԱԺ-ում հանդիպման  ավարտից հետո եվրոպացի խորհրդարականների պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան՝ հանդիպում ունենալով մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ։