NDI-ը չի ցանկանում Ադրբեջանում անկարգություններ բորբոքել. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտը (NDI) ոչ մի կերպ շահագրգռված չէ Ադրբեջանում անկարգություններ բորբոքելու մեջ: Այս մասին ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

«NDI-ը և այդ կազմակերպության աշխատակիցները մշտապես աջակցել և ողջունել են Ադրբեջանում ժողովրդավարության զարգացումը: Ազգային դեմոկրատիայի ինստիտուտը քաղաքական կուսակցությունների հետ չի աշխատել: Այդ կազմակերպությունն աշխատել է միայն իշխանամետ և ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների հետ: Ազգային դեմոկրատիայի ինստիտուտի գործունեությունն Ադրբեջանում մշտապես եղել է թափանցիկ»,- ասել է նա:

Ադրբեջանի իշխանութունները ամերիկյան NDI ինստիտուտի ղեկավարությանը մեղադրել են Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխություն կազմակերպելու մեջ: Որոշ իշխանամետ լրատվամիջոցներ լուրեր են շրջանառել, որ իբր կազմակերպության Բաքվի գրասենյակը 2 մլն դոլար է հատկացրել ադրբեջանական երիտասարդությանը զանգավածային անկարգություններ կազմակերպելու համար: Ներկայում նման մեղադրանքներով NDI-ի տասը ակտիվիստներ են ձերբակալվել Ադրբեջանում: