Հայտարարվել է Իտալիայի նոր կառավարության կազմը

46-ամյա ձախակենտրոն Էնրիկո Լետան, որին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հանձնարարել էր ձևավորել երկրի կառավարությունը, ապրիլի 27-ի գիշերը հայտարարել է նոր կաբինետի կազմը, հաղորդում է Euronews-ը: Նախքան այդ նա հանդիպել էր պետության ղեկավարի հետ:

Կոալիցիոն կառավարությունում, որի կազմում մտել են ինչպես ձախակենտրոնների, այնպես էլ աջակենտրոնների ներկայացուցիչները, կա 21 նախարար: «Նոր կաբինետի անդամները շատ իրավազոր են, կառավարությունը երիտասարդացել է: Նրա կազմում կան ռեկորդային թվով կանայք»,- հայտարարել է Լետան:

Նոր կառավարության կազմը հաստատվել է քաղաքական տարբեր ուժերի հետ մի շարք խորհրդակցություններից հետո: Արդյունքում փոխվարչապետ և ներքին գործերի նախարար կդառնա Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության քարտուղար Անջելինո Ալֆոնոն: Ինքը` Բեռլուսկոնին, նոր կառավարության կազմի մեջ չի մտել: Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը կզբաղեցնի հայտնի տնտեսագետ, Իտալիայի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Ֆաբրիցիո Սակոմանին: Մարիո Մոնտիի տեխնոկրատների կառավարությունում ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Անա Մարիա Կանչելիերին կգլխավորի արդարադատության նախարարությունը: Արտգործնախարար կդառնա նախկին եվրահանձնակատար Էմմա Բոնինոն:

Կառավարության երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 28-ին: Ապա այն պետք է ստանա խորհրդարանի վստահությունը:

Մեկնաբանել