Ալժիրի նախագահը Փարիզ է տեղափոխվել «միկրոինսուլտից» հետո

Ալժիրի նախագահ Աբդ ալ Ազիզ Բուտեֆլիկան բուժզննման և բուժման նպատակով տեղափոխվել է փարիզյան հայտնի Վալ դե Գրաս կլինիկա, որից հաճախ օգտվում են ֆրանսիացի և օտարերկրացի հայտնի անձինք, հաղորդում է BBC-ն:

Ապրիլի 27-ին 76-ամյա առաջնորդը հոսպիտալացվել էր Ալժիրի սպորտային բժշկության ազգային կենտրոն, ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրությունում, միկրոինսուլտից հետո:

Կենտրոնի տնօրեն Ռաշիդ Բուրգեբալի խոսքով` բարձրաստիճան հիվանդի առողջությանը ոչինչ չի սպառնում, և նա ընդամենը բուժզննման և հանգստի կարիք ունի: Նույն ոգով հայտարարությամբ է հանդես եկել նաև Ալժիրի վարչապետ Աբդ ալ Մալեք Սելալը:

Սակայն վերլուծաբաններն արդեն կասկածի տակ են դնում Բուտեֆլիկայի` հաջորդ տարի չորրորդ հնգամյա ժամկետի համար առաջադրվելու հեռանկարները:

Աբդ ալ Ազիզ Բուտեֆլիկան Ալժիրը ղեկավարում է 1999թ. ապրիլից` փաստացի իր ձեռքում կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը:

2005թ. կրկին Փարիզում նա ենթարկվել էր վիրահատության` կապված ստամոքսի խոցի հետ, սակայն Wikileaks կայքում հրապարակված գաղտնի փաստաթղթերից մեկում ամերիկացի դիվանագետները վստահեցնում են, որ իրականում նա ուռուցք է ունեցել:

Վերջին շրջանում Բուտեֆլիկան հազվադեպ է երևացել հանրության առջև:

Մեկնաբանել