Ոչ ռեզիդենտները խթանել են դոլարիզացիայի աճը

Այս տարվա առաջին եռամսյակում բանկային համակարգում ավանդների ծավալն աճել է Դ136 մլրդ-ով կամ 11,3%-ով՝ կազմելով Դ1,348 տրլն։ Աճն ապահովել են հիմնականում արտարժութային ավանդները՝ Դ120 մլրդ-ով, այդ թվում ոչ ռեզիդենտների ավանդները՝ Դ82,4 մլրդ։

Հայաստանի բանկային համակարգի վերաբերյալ Կենտրոնական բանկի վիճակագրական հրապարակումների համաձայն՝ արտարժույթով ավանդների ծավալի եռամսյակային աճը հանգեցրել է նրան, որ եթե դեկտեմբերի վերջին ավանդների դոլարիզացիայի մակարդակը կազմում էր 69,7%, մարտին այն հասել է 71,5%-ի։ Աճը տեղի է ունեցել հիմնականում մարտին, ինչն առաջին հերթին պայմանավորված է դրամի արժեզրկմամբ։ Մարտին դրամը ամսական կտրվածքով արժեզրկվել է 7,7 կետով (փոխարժեքը կազմել է Դ414,7/$1), անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ մոտ 10 կետով։ Հասկանալի է, որ դրամի արժեզրկման և շուկայում ձևավորված սպասումների պայմաններում պետք է տեղի ունենար փախուստ դրամից։

Դոլարային ավանդների ծավալի աճը չի զսպել նույնիսկ բանկերի կողմից վարվող տոկոսադրույքային քաղաքականությունը։ Բանկային համակարգում դրամային և դոլարային ավանդների միջին տոկոսադրույքի տարբերությունը կազմել է 4,8 տոկոսային կետ։ Բացի այդ՝ բանկերը մարտին իջեցրել են դոլարային ավանդների տոկոսադրույքները։ Այդուհանդերձ, նույնիսկ այս քայլը չի կանխել արտարժութային ավանդերի աճը միտումը։ Մարտին մեկ տարի ժամկետով դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը ամսական կտրվածքով կրճատվել է 0,52 տոկոսային կետով՝ կազմելով 7,58%, և գտնվել գրեթե նույն մակարդակին, ինչ դեկտեմբերին։

Դոլարը նվաճում է տնտեսությունը

Այս տարվա երեք ամիսներին բանկային համակարգում վարկային պորտֆելն ավելացել է Դ50,5 մլրդ-ով կամ 3,1%-ով՝ մարտի վերջին կազմելով Դ1,65 տրլն։ Սա այն դեպքում, երբ ԿԲ-ի կողմից շաբաթական կտրվածքով տրամադրված վարկերի հաշվետվությունից երևում է, որ երեք ամիսներին բանկերը տրամադրել են ընդհանուր առմամբ Դ620 մլրդ-ի վարկեր։ Ստացվում է, որ հաշվետու ժամանակահատվածում վարկառուները մարել են մոտ Դ570 մլրդ-ի պարտավորություններ կամ վարկային պորտֆելի մոտ 35%-ը։

Մտահոգիչ է տրամադրած վարկերի և հնարավոր մարված վարկերի ծավալը։ Իհարկե դեռևս չի հրապարակվել այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի ծավալը, բայց հիմք ընդունելով անցած տարվա ցուցանիշը և աճի տեմպը, ստացվում է, որ բանկերի կողմից տնտեսություն ուղղված վարկերի ծավալը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 90%-ը։ Այս թվերից երևում է, որ առաջին եռամսյակում բանկերի կողմից տրամադրված վարկերի զգալի մի մասը ոչ թե տնտեսություն է գնացել, այլ պարզապես ուղղվել նախկին պարտավորությունների վերաֆինանսավորմանը։ Պարզ ասած՝ միջոցները մի բանկից հոսել են մյուսը։

Բացի այն, որ իրականում տեղի է ունեցել միջոցների «պարզ շրջանառություն», առաջին եռամսյակում վատթարացել է նաև վարկային պորտֆելի կառուցվածքը։ Եթե դեկտեմբերին վարկային պորտֆելի 64,3%-ը արտարժութային էր, ապա մարտի վերջին ցուցանիշը կազմել է 64,4%։

Դոլարիզացիայի մակարդակի աճը պայմանավորված է նրանով, որ երեք ամիսներին բանկերի դոլարային վարկերի պորտֆելն ավելացել է Դ34 մլրդ-ով, դրամայինը՝ Դ16,5 մլրդ-ով։ Սա այն դեպքում, երբ հունվար-մարտին բանկերը դոլարով տրամադրել են Դ232 մլրդ-ի վարկեր, դրամով՝ Դ390 մլրդ-ի։ Ստացվում է, որ վերաֆինանսավորվել են հիմնականում դրամային վարկերը։

Մտահոգիչ է վարկային պորտֆելի կառուցվածքը նաև ըստ առանձին ոլորտների։

Այսպես, գյուղատնտեսական վարկերի արտարժութային պորտֆելն առաջին եռամսյակում ավելացել է մոտ Դ7 մլրդ-ով կամ մոտ 10%-ով, դրամայինն ավելացել է ընդամենը 900 մլն-ով կամ 3%-ով։ Մարտի վերջին գյուղատնտեսական վարկերի 70%-ը եղել է դոլարային, ինչը նշանակում է, որ դրամի արժեզրկման պայմաններում ավելանալու են դրանց սպասարկման ծախսերը, քանի որ գյուղացիական տնտեսությունների եկամուտները դրամային են։

Մանրածախ առևտրի վարկային պորտֆելը երեք ամիսներին ավելացել էր մոտ Դ5 մլրդ-ով կամ 5%-ով։

Մարտին կտրուկ նվազել է հանքարդյունաբերության ոլորի վարկային պորտֆելը. ամսական կտրվածքով այն կրճատվել է 71%-ով կամ 64 մլրդ-ով։ Նվազումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ ընկերություններից մեկը ամբողջովին կատարել է իր վարկային պարտավորությունները։

Մեկնաբանել