Մեքսիկական բանտում կռվի հետևանքով մահացել է 11 կալանավոր

Նվազագույնը 11 մարդ մահացել է Մեքսիկայի կենտրոնական Սան Լուիս Պոտոսի նահանգի բանտում կալանավորների միջև ծագած դաժան կռվի հետևանքով, հաղորդում է BBC-ն:

Նահանգի դատախազության տեղեկատվության համաձայն` կոնֆլիկտի ընթացքում օգտագործվել են ինքնաշեն դանակներ և այլ սուր առարկաներ: Ոստիկանությունը իրավիճակն արդեն վերցրել է իր վերահսկողության տակ:

Այսպիսի բախումները հազվադեպ երևույթ չեն Մեքսիկայի գերծանրաբեռնված բանտերում, որոնցում պահվում են միմյանց դեմ հակամարտող հանցագործ խմբավորումների ներկայացուցիչներ:

Անցյալ տարվա փետրվարին նվազագույնը 40 մարդ մահացել էր Մոնտերեյի մոտ գտնվող բանտում բարձրացված խռովության հետևանքով, իսկ դրանից ոչ շատ առաջ համանման դեպքի հետևանքով Տամաուլիպաս նահանգի բանտում մահացել էր 31 մարդ:

Ինչպես նշում են մասնագետները, երկրի որոշ բանտեր փաստացի վերահսկվում են քրեական խմբավորումների կողմից:

Մեկնաբանել