«Նաիրիտի» հարցում հստակեցում` երկու ամսից

Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտի» հետագա ճակատագիրը դեռ անորոշ է։ «Օրակարգի» հետ ճեպազրույցում էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանն ասաց, որ «Նաիրիտի» վերագործարկման հարցը «Ռոսնեֆտի» հետ բանակցությունների փուլում է, և ինքը հուսով է, որ առաջիկա երկու ամսում գործարանի հարցում հստակեցում կմտցվի։

«Նաիրիտի» կառավարման հարցում դեռ 2011թ. հետաքրքրություն էր ցուցաբերել ռուսական նավթագազային «Իտեռա» ընկերությունը, որի պատվերով բրիտանական Jacobs Consultancy Limited-ը գործարանում 2012թ. իրականացրել էր աուդիտ: Օգոստոսին, սակայն, «Իտեռայում» տեղի ունեցավ հիմնական բաժնետիրոջ փոփոխություն, բաժնետոմսերի 51%-ը անցավ «Ռոսնեֆտին», որից հետո «Նաիրիտի» հարցը կարծես մղվել է հետին պլան։

«Օրակարգի» հետ ճեպազրույցում Արմեն Մովսիսյանն ասաց, որ ուսումնասիրությունները շուտով կավարտվեն, և դրանից հետո բոլոր հարցերը պարզ կլինեն։ «Հուսով եմ՝ երկու ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,– ասաց նա:

Դեռ 2011թ. «Նաիրիտի» և ԱՊՀ միջպետական բանկի կողմից պատրաստվել էր «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրիր, որն այդպես էլ կյանքի չի կոչվել: Խոստումների և հայտարարությունների համաձայն՝ ներկայում արդեն ոչ միայն պետք է ընթանային «Նաիրիտի» արդիականացման աշխատանքները, այլև գործարանը պետք է արտադրանք թողարկեր։ Իրականում ընկերությունը դեռ պարապուրդի մեջ է և օրական կուտակում է մոտ Դ30 մլն-ի պարտք:

Եթե 2011թ. «Նաիրիտի» արդիականացումն ընդհանուր առմամբ գնահատված էր մոտ $513   մլն, որից $367  մլն-ը պետք է ուղղվեր արդիականացմանը, $146  մլն-ը՝ պարտքերի մարմանը, ապա ներկայում այդ գումարներն արդեն բավարար չեն։ Ընկերության 2011թ. ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ վարկային պարտավորությունների ծավալը կազմել է Դ51 մլրդ: Բացի այդ՝ ընկերությունը պարտավորվել է մարել «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր, Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited-ի վարկային պարտավորությունները՝ ԱՊՀ Միջպետական բանկի առջև, որը 2006թ. ընկերությանը տրամադրել էր $70 մլն վարկ՝ «Նաիրիտի» 90% բաժնետոմսերի ձեռքբերման և գործարանի արդիականացման համար: Վարկը պետք է մարվեր մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը:

Այս տարվա մարտի 18-ին Մոսկվայի իրավարար դատարանում տեղի ունեցավ Rhinoville Property Limited-ի դեմ Միջպետական բանկի հայցի նախնական լսումը, որը օֆշորային ընկերությունից պահանջում է ավելի քան $25 մլն՝ $16,76 մլն տոկոսավճար և $8,4 մլն տույժ՝ տրամադրած $70 մլն վարկի համար:

Մեկնաբանել