Նոր սփյուռքի որոնումներ. գիտաժողով Լոս Անջելեսում

«Ո՞րն է ինքնության հիմքը: Ինչի՞ մասին պետք է մտածենք. այդ հիմքը չունեցողների մոտ դոնքիշոտյան ծրագրով այն ստեղծելու մասի՞ն, թե՞ այդ հիմքը ունեցողների մոտ դա վառ պահելու մասին: Ինքնությունը հիմքի կարիք ունի՞, թե՞ ինքնությունն այդ հիմքի անհատական դրևսորումն է»,- հարցադրումներ է անում Հակոբ Գուլուջյանը:

Ապրիլի 27-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Անկախություն և անդին. 1991-ից հետո ձևավորված հայկական նոր սփյուռքի որոնումներ» թեմայով համաժողով, որը կազմակերպել էր ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի վարչությունը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի և The Armenian Review հանդեսի համատեղ հովանավորությամբ: ՍիվիլՆեթը ապահովել է գիտաժողովի հեռարձակումը: Միջոցառմանը մի շարք գիտնականներ խոսել են տեղեկատվության փոխանակման քաղաքականության, «սփյուռք» հասկացության վերասահմանման և Հայաստան վերադարձի վերաձևակերպման մասին: Գիտաժողովի որոշ ելույթներից հատվածներ ներկայացված են ստորև:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը նշեց, որ Սփյուռքը դրամատիկ կերպով փոխվել է, և մենք պետք է տեսնենք ինչ համատեղ գործողություններ կարող ենք անել պլանավորելու և տեսնելու ապագան, հայրենիքին օգնելու և սփյուռքները պահպանելու համար: «Դարեր շարունակ մենք Սփյուռք ենք ունեցել և գիտենք, թե որքան դժվար է պահպանել Սփյուռքը»,- նշեց Դեքմեջյանը:

Վերադարձի միֆը, ըստ Սոսի Գասպարյանի, սփյուռքահայերի համար շատ բարդ է, որովհետև վերադարձը նախապապերի հայրենիք դժվար է անգամ պատկերացնելը, իսկ բնակության նպատակով արհեստական վերադարձը Հայաստան շատերի համար լուրջ թեմա չէ:

Լանքաստերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Մերձավոր Արևելքի քաղաքականության դասախոս, դոկտոր Սոսի Գասպարյանն իր զեկույցում խոսեց կորսված հայրենիքի և առկա հայրենիքի՝ Սփյուռքում եղած ընկալումների շուրջ:

«Բնօրրանի հարցը շատ կարևոր է Սփյուռքի կոնցեպտը հասկանալու համար: Հայրենիքը միշտ չէ, որ հստակ կամ գծված տարածք է, որտեղ Սփյուռքը կարող է որոնել իր արմատները: Այն կարող է լինել նաև վայրերի ու մշակույթների խառնուրդ, որ կա պատմության, սերունդների հիշողության և ներկայի մեջ»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով, որ հայկական սփյուռքի համար իր արմատները Թուրքիայի արևելյան հողերում են: Նրա կարծիքով՝ քանի որ Ցեղասպանությունը վերապրածների հիշողությունը կորչում է նրանց հետ միասին, և նախապապերի հայրենիքի հետ ուղիղ կապ չկա, Հայաստանի Հանրապետությունը, որի հետ Արևմուտքի Սփյուռքը չունի պատմական և ֆիզիկական կապ, հանդես է գալիս որպես պատմական հայրենիքի փոխարինող: «Այնպես որ, սփյուռքահայերը պետք է իրենց պատմական հայրենիքի և իրականում առկա խորթ հայրենիքի միջև կամուրջը գցեն»,- ասաց նա:

Վերադարձի միֆը, ըստ Գասպարյանի, սփյուռքահայերի համար շատ բարդ է, որովհետև վերադարձը նախապապերի հայրենիք դժվար է անգամ պատկերացնելը, իսկ բնակության նպատակով արհեստական վերադարձը Հայաստան շատերի համար լուրջ թեմա չէ:

Գոյատևման պատրանքը. ում գոյատևումը՝ ինչի համար

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) արևմտահայերենի դասախոս Հակոբ Գուլուջյանը իր զեկույցը վերանգրել էր «Գոյատևման պատրանքը (ում գոյատևումը՝ ինչի համար)»: Հետխորհրդային հայկական սփյուռքի մասին խոսելով՝ նա անդրադարձավ Սփյուռքի ինքնության խնդրին և մի շարք հարցադրումներ արեց.

«Ո՞րն է ինքնության հիմքը: Ինչի՞ մասին պետք է մտածենք՝ այդ հիմքը չունեցողների մոտ դոնքիշոտյան ծրագրով այն ստեղծելու մասի՞ն, թե՞ այդ հիմքը ունեցողների մոտ դա վառ պահելու մասին: Ինքնությունը հիմքի կարիք ունի՞, թե՞ ինքնությունն այդ հիմքի անհատական դրևսորումն է»:

Գուլուջյանը շարունակեց հարցադրումները. «Եթե անհատը չունի այդ լիցքը, միջուկը, էությունը, որ անի այն, ինչ մենք պատկերացնում ենք, որ պետք է անի, ի՞նչ է՝ մենք պետք է գնանք լցնե՞նք այդ միջուկը: Ինչո՞ւ այդ դեպքում նույնը չենք անում Հյուսիսային Լիբանաանի նախկին հայ զղարթացիների դեպքում, Հալեպի դարեր առաջ սսեցի հայերի դեպքում, որոնք քրիստոնյա արաբ են դարձել, Թուրքիայի բնակչության քառորդ մասի, քրդերի կեսի, Հարավային Լիբանանի հույն օրթոդոքս Նաքֆուր գերդաստանի դեպքում: Ո՞վ է հայը՝ անուն ունեցո՞ղը, արյուն ունեցած հարաբերականությո՞ւն ունեցողը, թե՞ միջուկ ունեցողը»:

Գուլուջյանի խոսքով՝ժամանակակից Սփյուռքում հազարավոր մարդիկ դեռ կարողանում են խոսել, գրել ու կարդալ հայերեն, սակայն մեկ-մեկուկես սերունդ հետո նրանք վերածվելու են «կեղևների, որոնք կկրեն միայն ինչ-որ հավաքականության պատկանելու համակրելի գաղափարը»: «Ի՞նչ է մեր ուզածը նրանցից՝ որ ասե՞ն, թե պատկանում են այս ցեղի՞ն, խմբի՞ն և այլնի՞, թե՞ որ ունենան պատկանելության գիտակցություն: Ինչի՞ համար. թերևս որ 300 տարի կամ 2000 տարի հետո վերադառնա՞ն: Ո՞ւր վերադառնան»:

Խոսելով լեզվի նշանակության մասին՝ Գուլուջյանն ընդգծեց, որ Սփյուռքում երկու ծայրահեղություն կա՝ կա՛մ լեզուն չիմացողը հայ չէ, կա՛մ լավ հայ լինելու համար լեզու իմանալու կարիք չկա: «Ի՞նչ տեղ ունի լեզուն: Օգուտ կա՞ լեզուն պահելուց: Մտահոգվելու կարիք կա՞ արդյոք,- կրկին հարցադրումներ արեց և շարունակեց:- Սփյուռքի համար լեզվի հարցը միայն լեզվական հարց չէ: Սփյուռքի քաղաքական առաջին հարցն է՝ Ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից էլ առաջնահերթ: Երբ լեզու չմնա, այսինքն ազգ չմնա, ինչի՞ կծառայի հողը, նույնիսկ եթե այն մեզ նվիրեն»:

Նա վիճակագրություն ներկայացրեց արգենտինահայ համայնքի ձուլման վերաբերյալ՝ նշելով, թե ինչ կարող է պատահել Ամերիկայի կամ Ֆրանսիայի գաղութների հետ, եթե նրանք միջինարևելյան թարմ ներարկումներ չստանան: Գուլուջյանի կարծիքով՝ վաղ թե ուշ այդ գաղութներն այլևս Միջին Արևելքից «թարմ ներարկումները» չեն ստանալու:

Մեկնաբանել