Պուտինը` ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ Մոլդովայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել են Մոլդովայում ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ: Սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տվել, որ նրան վստահում է հանրապետության բնակիչների 74%-ը: Հետազոտությունը, ինչպես հաղորդում է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը, մոլդովական Հանրային քաղաքականության ինստիտուտի պատվերով իրականացրել է Magenta Consulting կենտրոնը:

Մոլդովացիները ընդհանուր առմամբ վստահում են ավելի շատ արտասահմանցի, քան տեղի քաղաքական գործիչներին, պատմել է գործակալությանը ինստիտուտի տնօրեն Արկադի Բարբերոշիեն: Նրա խոսքով` վարկանիշում երկրորդ տեղում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն է` 49%-ով: Երրորդում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է, որին վստահություն է հայտնել մոլդովացիների 47%-ը:

Մոլդովացի քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ ժողովրդականությունն ունի Մոլդովայի նախկին նախագահ և կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը: Նրա վարկանիշը 18,5% է կազմել: Մոլդովայի ներկայիս նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին, համաձայն հարցման, վստահում է մոլդովացիների ընդամենը 0,6%-ը, վերջերս պաշտոնաթող արված վարչապետ Վլադ Ֆիլատին` 9,4%-ը:

Արկադի Բարբերոշիեի խոսքով` մոլդովացի քաղաքական գործիչների ցածր վարկանիշը երկրում 2009-ից շարունակվող քաղաքական ճգնաժամի արդյունք է: Այն սկսվեց այդ ժամանակվա նախագահ Վորոնինի պաշտոնաթողությամբ: Դրանից հետո մի քանի տարի շարունակ տեղի խորհրդարանը չկարողացավ ընտրել պետության նոր ղեկավար, որի պատճառով Մոլդովայում երկու անգամ անցկացվեցին վաղաժամ ընտրություններ: Ճգնաժամը սրվեց 2013թ. սկզբին, երբ իշխող կոալիցիայում առկա տարաձայնությունները հանգեցրին նախարարների կաբինետի հրաժարականին:

Նշենք, որ համաձայն Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի վերջին տվյալների` Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի վարկանիշը 47% է:

Մեկնաբանել