Ինովացիոն զարգացման երկու ուղղություն

Տեխնոլոգիական ինովացիաները 250 տարի շարունակ առաջ են մղել աշխարհը, և միշտ եղել են ինովացիաների կենտրոնում գտնվող երկրներ և երկրներ, որոնք գնացել են ինովացիաների հետևից, Project Syndicate կայքում հրապարակած հոդվածում գրում է Քեմբրիջի համալսարանի դասախոս Վիլյամ Ջեյնվեյը (William Janeway): Հոդվածում, որը թարգմանաբար ներկայացված է ստորև, Ջեյնվեյը նշում է, որ անցումը ինովացիայի հետևորդ երկրից ինովացիայի ավանգարդ երկրի շատ բարդ է, և հարցադրում է անում, թե արդյոք կարող է Չինաստանը կատարել այդ անցումը:

Տեխնոլոգիական ինովացիաները 250 տարի շարունակ եղել են տնտեսական զարգացման շարժիչը: Սակայն ինովացիայի էկոնոմիկան շատ տարբեր է նրանց համար, ովքեր այդ ինովացիաների կենտրոնում են և ովքեր փորձում են հասնել դրանց հետևից:

Նրանց համար, ովքեր ավանգարդում են, ինովացիոն տնտեսությունն սկսվում է հայտնագործությունից և իր ավարտին հասնում սպեկուլյացիայով: Առաջընթացը՝ գիտական հետազոտությունից մինչև նոր տեխնոլոգիաների կոմերցիոն կիրառություն, հնարավոր է լինում փորձի և սխալների միջոցով: Շուկայական տնտեսությունը շարունակաբար վերափոխած ռազմավարական տեխնոլոգիաների համար՝ երկաթուղիներից մինչև ինտերնետ, կարիք է եղել կառուցել ցանցեր, որոնց արժեքը որոշակի չէր, երբ դրանք նոր գործարկվում էին:

Հետևապես՝ ավանգարդ երկրներում ինովացիաները կախված են ֆինանսավորման աղբյուրներից, որոնք անջատված են տնտեսական արժեքի մասին հոգսերից, ուստի նրանք չեն կարող իջեցվել մինչև ռեսուրսների օպտիմալ օգտագործման մակարդակ: Նեոդասական տնտեսագիտության մեջ սովորական արտադրությունն ապակողմնորոշող վտանգավոր խոշորացույց է առաջարկվում, որի միջոցով մեկնաբանվում են ինովացիոն պրոցեսները ավանգարդ երկրներում:

Ֆինանսական սպեկուլյացիաները եղել են և են ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրներից մեկը: Ֆինանսական պղպջակներ հայտնվում են ամենուր, որտեղ կա ակտիվների շուկայի իրացվելիություն: Իսկապես, այդպիսի սպեկուլյացիաների օբյեկտները կարող են խոցել երևակայությունը՝ վարդակակաչների կոկոններ, ոսկու և արծաթի հանքեր, անշարժ գույք, նոր պետությունների պարտքեր, կորպորատիվ արժեթղթեր:

Ինովացիաներ և սպեկուլյացիաներ

Երբեմն սպեկուլյացիաների առարկա են դարձել ֆունդամենտալ ինովացիաները՝ ջրանցքները, երկաթուղիները, էլեկտրաֆիկացիան, ռադիոն, ավտոմոբիլները, միկրոէլեկտրոնիկան, համակարգչային տեխնիկան, ինտերնետը, որոնց համար սպեկուլյանտները շատ ավելի մեծ կապիտալ են ներգրավել, քան կարող էին առաջարկել ռացիոնալ ներդրողները: Դրան անխուսափելիորեն հետևող տապալումից հետո առաջանում է նոր տնտեսությունների հերթը:

Սպեկուլյանտների դերը փոխլրացնելով՝ ակտիվիստ պետությունները ինովացիաները խրախուսելու մի քանի դեր են խաղացել: Նրանք առավել արդյունավետ են եղել, երբ քաղաքական լեգիտիմ նպատակներ են հետապնդել, որոնք տնտեսական հաշվարկների շրջանակներից անդին են՝ սոցիալական զարգացում, ազգային անվտանգություն, պայքար հիվանդությունների դեմ:

Միացյալ Նահանգներում կառավարությունը կառուցում էր տրանսֆորմացիոն ցանցեր (նահանգների միջև ավտոմայրուղիների ցանց), զանգվածաբար սուբսիդավորում էր դրանց կառուցումը (միջմայրցամաքային երկաթգծեր) կամ էլ հիմնադիր դեր էր խաղում մշակման և վաղ զարգացման գործում (ինտերնետ): Ակտիվիստ պետություններն ամբողջ աշխարհում զարգացնում են հիմնարար գիտությունները և հանդես են գալիս որպես գիտության զարգացման արդյունքում ստեղծված նոր պրոդուկտների առաջին օգտագործողներ: Բավական է հիշատակել մի շատ կարևոր օրինակ՝ մեկ քառորդ դար ժամանակահատվածում՝ սկսած 1950-ից, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ժամանակակից թվային էկոնոմիկայի ստեղծման գործում այդ երկու դերն էլ խաղացել է:

Երկրների համար, որոնք հետևում են ինովացիայի առաջնորդներին, ճանապարհը հստակ է: Պրոտեկցիոնիզմի մերկանտիլիստական քաղաքականությունը և սուբսիդիաները արդյունավետ գործիք էին տնտեսապես ակտիվ երկրների համար: ԱՄՆ-ում առաջին շահութաբեր տեքստիլ ձեռնարկությունները կոպտորեն խախտում էին բրիտանական պատենտները: Իսկ մասնավոր ձեռներեցության կատաղի զարգացումը աջակցություն էր գտնում պետական ներդրումների լայն շրջանակով, երաշխիքներով և պրոտեկցիոնիստական մաքսատուրքերով՝ ըստ «ամերիկյան համակարգի», որի ջատագովն էր Ալեքսանդր Համիլթոնը, և որը կյանքի կոչեց Հենրի Քլեյը:

Ասիական վագրերը՝ առայժմ ինովացիայի հետևորդներ

Գերմանացի մեծ, բայց մոռացված փիլիսոփա Ֆրիդրիխ Լիստը՝ Համիլթոնի հետևորդներից մեկը, 1841թ. իր «Քաղաքական տնտեսության ազգային համակարգում» իր երկրի համար ինովացիոն ճանապարհային քարտեզ կազմեց: Այդ քարտեզն այնուհետ շարունակաբար օգտագործվել է՝ Ճապոնիայի կողմից 19-րդ դարի վերջին տասնամյակներին, ասիական վագրերի կողմից՝ 20-րդ դարի երկրորդ կեսին, և այժմ՝ Չինաստանի կողմից:

Լիստը նկատում էր, թե ինչպես 18-րդ դարի վերջին Բրիտանիայի վերածումը «առաջին ինդուստրիալ երկրի» կախված էր դրան հետևած՝ բրիտանական արդյունաբերությունը զարգացնելու պետական քաղաքականությունից: Նա գրում էր, որ «եթե անգլիացիներն ամեն ինչ ինքնահոսի թողնեին, բելգիացիները մինչև հիմա Անգլիայի համար մահուդ կարտադրեին, իսկ Անգլիան կշարունակեր մնալ ոչխարների հոտ [Հանսեական միության]»:

Առաջանցիկ տնտեսական զարգացումը խթանելու խելամիտ ծրագրերը հարաբերականորեն պարզ են: Սակայն անցումը ինովացիոն տնտեսությունների հետևորդից դեպի ինովացիաների ավանգարդի առաջնորդության ավելի բարդ և դժվարիրագործելի խնդիր է:

ԱՄՆ-ը կարողացավ այդ անցումը կատարել մոտավորապես 1880-ից մինչև 1930-ն ընկած ժամանակահատվածում՝ կառավարման պրոֆեսիոնալացումն ու սպեկուլյատիվ ճաշակը համադրելով նոր տեխնոլոգիաներին (էլեկտրաֆիկացիային, ավտոմոբիլներին ու ռադիոյին), ինչպես նաև պետական հանդուրժողականություն ցուցաբերելով ինդուստրիալ երկրորդ հեղափոխության ժամանակաշրջանի հսկայական մենաշնորհների նկատմամբ, որոնք իրենց գերշահույթները ներդնում էին գիտական հետազոտությունների մեջ: Երկրորդ աշխարհամարտից հետո սպառնալիքներն ազգային անվտանգությանը տնտեսապես ակտիվ երկրի համար լեգիտիմ հիմնավորում դարձան ընդլայնելու Ամերիկայի առաջնորդությունը:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Արևելյան Ասիայի ծանրքաշայինները հաջողություն կունենան ինովացիաների հետևորդից դառնալու ինովացիաների ավանգարդ երկրներ: Սկզբի համար՝ հետևորդ լինելու փուլի «ազգային չեմպիոնները» պետք է բացեն մրցակցային հարձակումների հնարավորությունը: Ընդհանուր առմամբ, պետության դերը խիստ որոշակի ծրագրերի կատարումից պետք է վերափոխվի փորձելու և սխալվելու էքսպերիմենտի և ձեռնարկատերերի ձախողումների նկատմամբ հանդուրժողականության: Բացի այդ՝ պետք է սանձվի անխուսափելի թվացող և ուժասպառ անող «կոռուպցիոն հարկը», ինչը տեղի ունեցավ 19-րդ դարում Մեծ Բրիտանիայում և Ամերիկայում 1920-ական թթ.:

Ահա սա է ռազմավարական անորոշության պահը: Made in America թվային էկոնոմիկան բավականաչափ մեծ ազդակ է մասնավոր հատվածի համար: Սակայն հաջորդ տնտեսության՝ ածխաթթվազերծ տնտեսության առաջնորդության տեղը բաց է: Ամերիկան կրում է սերունդ տևած այն ջանքերի հետևանքները, որոնք ուղղված էին պետությունը որպես տնտեսավարող սուբյեկտ ոչ լեգիտիմ դարձնելուն: Եվրոպան դոփում է իր «ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության» հակասական հանձնառությամբ:

Կարո՞ղ է արդյոք Չինաստանը կատարել տնտեսական, մշակութային և քաղաքական այն վերափոխումները, որոնք անհրաժեշտ են առաջնորդի դերը ստանձնելու համար: Ես կարծում եմ՝ ինտրիգային է գնալ 200 տարի հետ և քննարկել Բրիտանիայի քաղաքական տնտեսությունը, երբ թափ էր հավաքում առաջին ինդուստրիալ հեղափոխությունը:

1820թ. Անգլիան կառավարվում էր կոռումպացված օլիգարխիայի կողմից, որն իր իշխանությունն իրականացնում էր ազգային կրոնական հաստատությունների հետ գաղտնի համագործակցությամբ: Քաղաքական լեգիտիմությունն արդարացվում էր անարխիայի մտավախությամբ, որի սարսափելի իրականությունը դեռ թարմ է Լա Մանշի մյուս ափին ապրողների հիշողություններում: Դեսպոտական և հրեշային ռեպրեսիաները կանոն էին համարվում. քրեական արդարադատության «արյունոտ օրենսդրության» համաձայն՝ ավելի քան 100 հանցագործության համար նախատեսվում էր մահապատիժ կամ աքսոր: Պատենտային համակարգը տխրահամբավ էր իր թանկության ու անհասանելիության համար:

Անգլիայի կառավարիչները համառորեն փորձում էին զսպել մարդկության պատմության մեջ տնտեսական էներգիայի և ֆինանսական հարստության ամենամեծ պայթյունը: Մի ամբողջ սերնդի ընթացքում Անգլիան վերափոխվեց: 1832թ. Ռեֆորմների մեծ ակտից ու 1846թ. Հացի օրենքի չեղարկումից մինչև 1853թ. ձեռնարկված պետական ծառայության բարեփոխումներ և 1867թ. Ժողովրդական ներկայացուցչության մասին օրենք՝ Բրիտանիան իր ուրույն ուղին էր հարթում դեպի հարաբերականորեն կայուն և ինքնաբավ դեմոկրատական կապիտալիզմ:

Անկասկած, Չինաստանի ուղին նույնքան տարբեր է լինելու, որքան տարբեր են այն գործընթացները, որոնց օգնությամբ նա հասել է իր ներկայիս ներուժի գագաթնակետին: Անկախ նրանից, թե արդյոք այդ ճանապարհը կլինի նույնքան պրոգրեսիվ, որքան Անգլիայինը, այն թույլ կտա զատորոշել, թե ով է կրելու գլոբալ տնտեսական առաջնորդի թիկնոցը:

Մեկնաբանել