Դերսիմի 90%-ը իսլամացած հայեր են. Արամ արքեպիսկոպոս Աթեշյան

Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Bugun հեռուստաընկերության «Վերլուծություն» հաղորդման շրջանակում անդրադարձել է ծպտյալ հայերի խնդրին` հայտարարելով, թե Դերսիմի բնակչության 90%-ը իսլամ ընդունած հայեր են:

«Տեսեք, 30-ամյա մի տղա էր եկել Դերսիմից և ասաց, որ իր արմատները հայկական են, որոնց ինքն ուզում է վերադառնալ: Ես էլ ասացի` ապացուցի´ր: Նա համառորեն գնաց, եկավ, չհրաժարվեց այդ գաղափարից, սկսեց ինձ անհանգստացնել գնալ-գալով: Այնուհետ հայրը զանգեց, ասաց, որ աշխատում է քաղաքապետարանում, երբ թոշակի անցնի, կգա Ստամբուլ և քրիստոնեություն կընդունի: Նա ասաց, որ տեղի բնակչության 90%-ը հայերն են: Ես ել նրան ընդունեցի, դասընթացներին մասնակցեց, մկրտվեց և դարձավ մեր եկեղեցու անդամը»,- ասել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Հաղորդմանը նա պատմել է նաև, որ իր քույրը բռնի իսլամացվել է, սակայն այժմ չի ցանկանում քրիստոնեություն ընդունել: Շատերը վախենում են, որ քրիստոնեություն ընդունելով` կհեռացվեն աշխատանքից: Նա պատմել է, որ իր քրոջ որդիներից մեկը վերադարձել է քրիստոնեության, իսկ հինգ եղբայրներն ապրում են որպես մուսուլման: Նա ասել է նաև, որ ծպտյալ հայերը երբեմն թունդ մուսուլման են դառնում:

Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում էլ Աթեշյանն ասել էր, որ գավառներից շատերն են ցանկություն հայտնել գալ և մկրտվել, դառնալ քրիստոնյա: Սակայն պետք է հաստատապես ճշտել, թե տվյալ անձի արմատները հայկական են, թե ոչ: Նա հայտարարել էր, որ քրիստոնեություն ընդունած մարդը պատրիարքանի կողմից միանգամից հայ չի ընկալվում:

«Կա վեցամսյա դասընթաց, որի ընթացքում նայում ենք, թե նա ինչքան է հավատարիմ իր արմատներին, և եթե տեսնում ենք իր արմատներին վերադառնալու համառություն, ապա պատրիարքարանը տալիս է համապատասխան փաստաթուղթ, որով տվյալ անձը կարող է գնալ անձնագրային բաժանմունք և փոխել կրոնը` ընդունելով քրիստոնեություն: Այնուհետև այդ մարդը կնքվում է և դառնում Հայ Առաքելական եկեղեցու անդամ»,- ասել էր Աթեշյանը:

Նա պատմել էր նաև, որ գավառներում շատերը խաչակնքվում են: Ըստ Աթեշյանի` Թուրքիայում իսլամացած հայերի թիվը 100 հազ. է:

Մի առիթով էլ Դերսիմի հայերի միության նախագահ Միհրան Գյուլթեքինը հայտարարել էր, թե շրջանի մուսուլման հայերը վախենում են, որ քրիստոնյա հայերն իրենց չեն ընդունի:

Մեկնաբանել