Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է

1982-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է: Նա հայտնի է որպես բարեփոխիչ և խորեոգրաֆիկ արվեստի տեսաբան, որը պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»:

Ժան Ժորժ Նովերը (1727-1810թթ.) ֆրանսիացի բալետմայստեր Դյուպրեի աշակերտն է: Նովերը հանդես է եկել որպես պարող և գլխավորել Լոնդոնի «Դրուրի Լեյն» թատրոնի բալետային խումբը: 

Նովերը մշակել է հերոսական բալետի և բալետ-ողբերգության սկզբունքները: 1759թ. լույս է տեսել նրա «Նամակներ պարի և բալետի մասին» հանրահայտ աշխատությունը, որտեղ Նովերը հիմնավորել է բալետ-պիեսի սկզբունքները:

Ամեն տարի ապրիլի 29-ին պարող աշխարհը՝ օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը և այս ոլորտի այլ պրոֆեսիոնալներ նշում են իրենց մասնագիտական տոնը: