Նաիրիտցիները կրկին փողոց են դուրս եկել

Այս պահին «Նաիրիտ» քիմիական գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ հավաքված են կառավարության շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, արհմիությունների ներկայացուցիչների 7-8-հոգանոց խումբը կառավարության շենքում է` բանակցելու նպատակով: Նրանք պահանջում են կուտակված աշխատավարձերի մարում (կուտակվել է մոտ 12 ամսվա պարտք) և գործարանի հետագա ճակատագրի հստակեցում: Գործարանի ներկայացուցիչների խոսքով` վերջին աշխատավարձի ստացումից անցել է 50 օր: Նաիրիտցիները հայտարարում են նաև, որ այսօրվանից գործադուլ են սկսում: Ի դեպ` սա քիմիական հսկայի աշխատակիցների բողոքի առաջին ցույցը չէ:

Ուշագրավ է, որ բողոքի ցույցի են դուրս եկել Հայաստանի քիմիական հսկայի ոչ միայն շարքային աշխատակիցները և անգամ հարկադիր պարապուրդում գտնվողները, այլև վարչական անձնակազմը:

Գործարանում աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն:

«Նաիրիտը» պարապուրդի է մատնված ավելի քան 2 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք: