Հաքերները կոտրել են LivingSocial-ի 50 մլն օգտահաշիվ

Հաքերները կոտրել են ամերիկյան LivingSocial օնլայն խանութը, հաղորդում է BusinessInsider-ը:

Կիբերհարձակումը կարող է դառնալ վերջերս տեղի ունեցած ամենաաղմկահարույց դեպքերից մեկը, քանի որ ծառայության 70 մլն օգտատերերից 50 մլն-ը հնարավոր է` կորցնի իր անձնական տվյալները:

LivingSocial ինտերնետ պորտալը կոլեկտիվ զեղչային ծառայություն է: Ընկերության ղեկավարությունը պնդում է, որ հաճախորդների կրեդիտ քարտերի տվյալները հաքերների «ձեռքը չեն ընկել», սակայն այլ տվյալներ` օրինակ` անուններ, էլեկտրոնային հասցեներ ու գաղտնաբառեր, գողացվել են նրանց կողմից, որի հետևանքով բոլոր օգտատերերը ստիպված են եղել թարմացնել իրենց գաղտնաբառերը` հետագա հարձակումներից խուսափելու նպատակով:

LivingSocial-ն արդեն դիմել է իշխանություններին, սակայն կարծես թե չի հաջողվել պարզել` որտեղից է իրականացվել հարձակումը կամ ինչ նպատակով:

Հատկանշական է, որ ընկերությունը 2012թ. նոյեմբերին հայտարարել էր իր աշխատակիցների թիվը 400-ով (9%-ով) կրճատելու մասին: LivingSocial-ի հիմնական խնդիրն այն է, որ զեղչերի դասական բիզնես մոդելը քիչ է համապատասխանում երկարաժամկետ զարգացմանը: