Օբաման և Սփիլբերգը խաբել են լրագրողներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կազմակերպված Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հերթական անգամ փայլել է հումորի զգացումով: Բազմաթիվ հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ երեկոյի ժամանակ նախագահը ծիծաղել է իր և հյուրերի վրա, հաղորդում է ABC-ն:

Հետևելով արարողության լրագրողական թեմատիկային՝ Օբաման սկսել է նրանից, որ ցուցադրել է իր պատկերով մի քանի ամսագրի հորինված շապիկներ: «Ստիպված եմ ընդունել, որ արդեն այն մուսուլման սոցիալիստը չեմ, որ էի երիտասարդ ժամանակ», – ասել է Օբաման՝ մատնացույց անելով մի լուսանկար, որտեղ պատկերված է մազափնջով: Սակայն հավաքվածներին ամենաշատը զվարճացրել է այն պահը, երբ Օբաման ամենայն լրջությամբ ներկայացրել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի՝ իր մասին նկարահանած կենսագրությունը:

«Մի փոքր անհանգստանում եմ, եկե՛ք դիտենք Սփիլբերգի նոր նախագիծը», – ասել է Օբաման՝ ներկայացնելով տեսահոլովակը, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Տեսահոլովակում հայտնվում է Սփիլբերգը և պատմում, թե ինչն է իրեն դրդել Օբամայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել:

«Լինքոլնի մասին իմ նախորդ ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, և ես մտածեցի՝ ինչ անել հետագայում: Գիշերվա կեսին գլխումս միտք ծագեց՝ Օբամա», – պատմել է ռեժիսորը՝ հավելելով, որ շատ դժվար է ֆիլմ նկարահանել ԱՄՆ գործող նախագահի մասին, քանի որ քիչ մարդ գիտի՝ ինչպիսին է Օբաման իրականում: Ռեժիսորի խոսքով՝ նախագահին մարմնավորելու համար ընտրվել է դերասան Դենիել Դեյ Լյուիսը:

Այն պահին, երբ էկրանին պետք է հայտնվեր աստղային դերասանը, հանդիսատեսի առաջ հանդես է եկել հենց Բարաք Օբաման՝ ձևացնելով, որ նա Դենիել Դեյ Լյուիսն է:

«Չեք պատկերացնում՝ որքան դժվար է ամեն օր հագնել այս ականջները: Չեմ հասկանում, թե ինչպես է դա նրան հաջողվում», – ասել է «դերասան» Օբաման:

Նախագահի նոր դերը գնահատել են ոչ միայն երեկոյի հյուրերը, այլև համացանցի օգտատերերը:

«Պետք է խոստովանեմ, որ Օբաման սպանեց ինձ», – գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

Մեկնաբանել