Նաիրիտցիները շարժվում են Բաղրամյան 26

Այսօր` ապրիլի 29-ին, «Նաիրիտ» քիմիական գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց` պահանջելով կուտակված աշխատավարձերի մարում (կուտակվել է մոտ 12 ամսվա պարտք) և գործարանի հետագա ճակատագրի հստակեցում:

«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը կառավարության նամակների և դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի ու էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանի հետ շուրջ ժամուկես տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի վաղը` ապրիլի 30-ին, իսկ երկրորդ ամսվանը` մինչև մայիսի վերջ:

Այս հայտարարությունը նաիրիտցիների մեծ մասը սակայն դժգոհությամբ ընդունեց և որոշեց իր բողոքն արտահայտել նաև Բաղրամյան 26-ում:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի նախագահական նստավայր:

Ուշագրավ է, որ բողոքի ցույցի են դուրս եկել Հայաստանի քիմիական հսկայի ոչ միայն շարքային աշխատակիցները և հարկադիր պարապուրդում գտնվողները, այլև վարչական անձնակազմը:

«Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընկերության աշխատավարձային ընդհանուր պարտքը կազմում է մոտ 120 մլն դրամ:

Նշենք, որ գործարանում աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն:

«Նաիրիտը» պարապուրդի է մատնված ավելի քան 2 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:

Մեկնաբանել