Ցածր հարկերը՝ օտարեկրյա խոշոր ներդրումների գրավական. ՏՀԶԿ

2012-ի վերջի դրությամբ Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում կատարվել են $5,8 տրլն-ի ուղղակի ներդրումներ: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ուղղակի ներդրումները նշված ժամանակահատվածում կազմել է $5,4 տրլն, վկայում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցը:

Նիդեռլանդների ուղղակի ներդրումների $3,5 տրլն-ը ապահովել են բաժնետոմսերը, ներդրումների $573 մլրդ-ը կատարվել է «իրական» տնտեսությունում: Լյուքսեմբուրգում ուղղակի ներդրումները $ 2,28 տրլն են, «իրական» տնտեսությունում՝ $122 մլրդ են կազմել:

Ներդրումների մնացած մասն ուղղորդվել է հատուկ նշանակության և ֆինանսական ընկերություններին, ինչպաես նաև հոլդինգներին, որոնք հիմնականում ստեղծվել են հարկերից խուսափելու համար:

ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Անխել Գուրիան երկրների կառավարություններին կոչ է արել բարեփոխումներ իրականցնել՝ միաժամանակ նշելով, որ բիզնեսին չի կարելի մեղադրել կանոնների օգտագործման մեջ, որոնք սահմանել են հենց քաղաքական գործիչները:

Նրա խոսքով՝ հարկային պլանավորման ռազմավարությունները, որոնք օրենսդրական տարբեր սողանցքներ են օգտագործում, հիմնականում օրինական են, սակայն բյուջեի հարկային մուտքերի , հարկային սուվերենիտետի և հարկային արդարության հիմնական ռիսկերից են:

Անդրազգային կորպորացիները տարիներ շարունակ ցածր հարկեր ունեցող երկրները հարկային վճարումները նվազեցնելու հիմնական ճանապարհ են դիտարկում: Հարկային քաղաքականությունը և գլոբալ տնտեսության վրա նրա ազդեցությունը վերջին շրջանի կարևորագույն հարցերից է դարձել՝ պայմանավորված զարգացած երկրների կողմից իրականացվող խիստ խնայողությունների միջոցառումներով:

Վերջին տարիներին հասարակական ուշադրությունը հիմնականում սևեռված է եղել ընկերությունների վրա, որոնք հարկային վճարումների նվազեցման տարբեր մեթոդներ են օգտագործել: Ներկայում երկրները, այդ թվում Նիդեռլանդները և Իռլանդիան, որոնք կորպորատիվ ներդրումներ են ներգրավում հարկերից խուսափելու օրինական մեթոդների միջոցով, ավելի շատ քննադատության են ենթարկվում:

Ավելին՝ մեծանում է ճնշումը ցածր դրույքաչափեր ունեցող երկրների նկատմամբ, մյուս երկրների՝ այս մրցավազքին միանալու և դրույքչափերով նվազեցնելու հավանականություն կա:

Մեկնաբանել