ԿՀՎ-ն ավելի քան 10 տարի է՝ միլիոնավոր դոլարներ է փոխանցում Աֆղանստանի նախագահին․ NYT

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) արդեն ավելի քան տասը տարի է՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային փոխանցում է միլիոնավոր դոլարներ, գրում է ամերիկյան New York Times պարբերականը։

«ԿՀՎ-ն ավելի քան տասը տարի շարունակ ճամպրուկներում, ուսապարկերում կամ պլաստիկ փաթեթներում դարսված ամերիկյան դոլարների կապոցներն ամեն ամիս սիրալիր կերպով ուղարկում է անմիջապես Աֆղանստանի նախագահի գրասենյակ։ Արդյունքում Համիդ Քարզային արդեն փոխանցվել են տասնյակ միլիոն դոլարներ կանխիկ»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով Աֆղանստանի նախագահի ամենամերձավոր շրջապատի գործող և նախկին ներկայացուցիչներին։

«Մենք դրանք անվանում էինք «փողեր-ուրվականներ»․ դրանց հայտնվելը միշտ գաղտնիք էր մնում»,- պատմել է թերթին Խալիլ Ռոմանը, որը Քարզայի աշխատակազմի ղեկավարն է եղել 2002-2005 թթ․։

New York Times-ը նշում է, որ ԿՀՎ-ն այդպիսով գնում է Աֆղանստանի առաջնորդի և նրա մերձավոր շրջապատի համակրանքը, իսկ նրանք, իրենց հերթին, այդ գումարների միջոցով կարող են պայմանավորվել դաշտային հրամանատարների հետ։

Պարբերականի համոզմամբ՝ այդ միջոցները «խաթարում են Աֆղանստանից Վաշինգտոնի ելքի ռազմավարությունը»։ «Աֆղանստանում կոռուպցիայի ամենամեծ աղբյուրը ԱՄՆ-ում է»,- մեջբերում է New York Times-ը ամերկացի պաշտոնյայի (որը չի ցանկացել բացահայտել իր անունը) խոսքը։

ԿՀՎ-ն այս կերպ է գործում ամերիկյան զորքերի՝ 2001թ․ Աֆղանստան ներխուժելու ամենասկզբից, գրում է պարբերականը։

«Այս կերպ գործակալությունը կանխիկ գումարով գնել է շատ հրամանատարների, այդ թվում՝ Մոհամադ Կասիմ Ֆահիմի՝ Աֆղանստանի ներկայիս առաջին փոխնախագահի համակրանքը»,- նշում է New York Times-ը։

Մեկնաբանել