Նաիրիտցիները Բաղրամյան 26-ում են

Նաիրիտցիները` կառավարության շենքի դիմաց

Այս պահին «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցները հավաքված են նախագահականի առջև, իսկ նրանց 5-հոգանոց խումբը ներսում է: Լրատվամիջոցների մուտքը նստավայր արգելված է:  

Այսօր` ապրիլի 29-ին, «Նաիրիտի» մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց` պահանջելով կուտակված աշխատավարձերի մարում (կուտակվել է մոտ 12 ամսվա պարտք) և գործարանի հետագա ճակատագրի հստակեցում:

«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը կառավարության նամակների և դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի ու էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանի հետ շուրջ ժամուկես տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի վաղը` ապրիլի 30-ին, իսկ երկրորդ ամսվանը` մինչև մայիսի վերջ:

Այս հայտարարությունը նաիրիտցիների մեծ մասը սակայն դժգոհությամբ էր ընդունել և որոշել էր իր բողոքն արտահայտել նաև Բաղրամյան 26-ում: 

«Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընկերության աշխատավարձային ընդհանուր պարտքը կազմում է մոտ 120 մլն դրամ:

Նշենք, որ գործարանում աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ «Նաիրիտի» մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն:

«Նաիրիտը» պարապուրդի է մատնված ավելի քան 2 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք: