Թագուհու դերը Հելեն Միրենին բերել է «Օլիվյե» հեղինակավոր մրցանակը

Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենն արժանացել է Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր՝ «Օլիվյե» թատերական մրցանակին՝ «Ունկնդրություն» ներկայացման համար, որտեղ հերթական անգամ մարմնավորել է Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին: Մրցանակաբաշխությունը կայացել է ապրիլի 28-ին «Քովենթ գարդենում»:

«Այս մրցանակին արժանի է թագուհին՝ 20-րդ, հնարավոր է՝ 21-րդ դարերում ամենանվիրված և հետևողական խաղի համար», – կատակել է Միրենը՝ ընդունելով մրցանակը:

«Թագուհին» ֆիլմում Էլիզաբեթ 2-րդի դերը Հելեն Միրենին ժամանակին «Օսկար» է բերել:

Տղամարդու լավագույն դերի համար «Օլիվյե» մրցանակի է արժանացել Լյուկ Թրեդուեյը՝ «Շան առեղծվածային գիշերային սպանությունը» ներկայացման աստղը: Ներկայացումն ստացել է ամենաշատ մրցանակները:

«Օլիվյեի» մրցանակաբաշխությունը վարել է Հյու Բոնեվիլը, մրցանակներ շնորհող աստղերի թվում էին Դեմիեն Լյուիսը («Հայրենիք»), Քիմ Քեթրալը («Սեքս մեծ քաղաքում») և Դենիել Ռեդքլիֆը (ֆիլմեր Հարի Փոթերի մասին):

Լոնդոնի Թատերական միության մրցանակը շնորհվում է թատրոնի ոլորտում մասնագիտական նվաճումների համար: Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր թատերական մրցանակը կրում է դերասան սըր Լոուրենս Օլիվյեի անունը և համարվում է ամերիկյան Բրոդվեյի «Թոնի» մրցանակի համարժեքը:

Մրցանակը 1976թ. հիմնվել է որպես Վեսթ Էնդի թատերական միության մրցանակ, սակայն 1984-ին սըր Օլիվյեի համաձայնությամբ վերանվանվել է դերասանի անունով: