Զ. Փոստանջյանը Հ. Աբրահամյանից պահանջեց հայ-թուրքական արձանագրությունները հանել ԱԺ օրակարգից

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Ազգային ժողովում այսօր` ապրիլի 29-ին, հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի քառօրյա նիստը մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որն ուղղված էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Փոստանջյանը վերջինիցս հետաքրքրվում էր, թե ինչու ԱԺ օրակարգից չեն  հանվում հայ-թուրքական, Փոստանջյանի իսկ բնորոշմամբ խայտառակ արձանագրությունները, և ինչու Աբրահամյանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ:

ԱԺ նախագահը, պատասխանելով Փոստանջյանին, նշեց, որ դա իր լիազորությունների շրջանակում չէ:

«Պետք է նախանձախնդիր լինեիք, որ նման արձանագրությունները ԱԺ չմտնեին, իսկ եթե մտել են, ապա որպես հայ և ԱԺ  նախագահ կարող  եք  ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպել, դեմ արտահայտվել այդ արձանագրություններին»,-ասաց Փոստանջյանը;

Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանից հետաքրքվեց, թե ավելի լավ հորդոր չէ՞ր կարող տալ: Չհամաձայնելով Փոստանջյանի հետ` ԱԺ նախագահը հայտարարեց, որ եթե արձանագրությունները վավերացվեին երկու պետությունների կողմից և իրավական արժեք ստանային, Հայաստանի տնտեսության առաջընթացի համար լավ նախադրյալներ կստեղծվեին: 

Երկրորդելով Աբրահամյանին` ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասաց. «Միայն այն փաստը, որ արձանագրություններն առկա են մեր օրակարգում և դրան հաջորդած Հայաստանի դիրքորոշման խստացումը համայն աշխարհին ցույց տվեց, որ մենք՝ հայերս, բարի կամքի տեր ենք, բայց միևնույն ժամանակ չենք մոռանում պահանջատիրությունը, Հայ դատի մեծագույն խնդիրը»:

Արձագանքելով Գեղամյանին` ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ  թե´ ՀՀ նախագահի հայտարարությունը և թե´ Սահամանադրական դատարանի որոշումը որևէ հիմք չի տալիս նման պնդումներ անելու համար, իսկ Հովիկ Աբրահամյանի հայտարարության վերաբերյալ նշեց, որ իրենք բազմիցս տնտեսական ձեռքբերումների հետ կապված դիմել են կառավարությանը, սակայն մինչ օրս պատասխան չի եղել:

«Խնդրում եմ Ազգային ժողովում ձեռնպահ մնալ այս տիպի հայտարարություններից, որոնք վտանգում են մեր պետականությունը»,- հավելեց Մինասյանը: