Ադրբեջանցի բլոգերը` Ալիևների անհավանական հարստության մասին

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթն արտատպել է ադրբեջանցի վերլուծաբան, բլոգեր Արզու Գեյբուլեևայի հոդվածը, որը պատմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների անհավանական հարստության մասին: Լրագրողն Ալիևին համարում է «աշխարհի ամենաօրինազանց առաջնորդը»: Գեյբուլեևան գրում է, որ աշխարհի ամենակաշառակեր ղեկավարի համբավ ունեցող Ալիևը Թուրքիայում ավելի շատ հայտնի է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով:

Հոդվածում ներկայացվում է Ալիևի կենսագրությունը, նախագահ ընտրվելու պատմությունը և թե ինչպիսի անզոր դրության է մատնել ադրբեջանական ընդդիմությանը, որի ղեկավարներին ձերբակալում են և հետապնդում: Գեյբուլեևան գրում է, որ բոլոր տեսակի ազատություները վերացնելուց հետո իշխանությունն անցել է ոչ թե ղեկավարող կուսակցության, այլ Ալիևի ընտանիքի ձեռքը:

Չնայած Իլհամ Ալիևի տարեկան եկամուտը $280 մլն է, սական շարունակում է բազմապատկվել արտասահմանում Ալևին պատկանող անշարժ գույքը: Ալիևի 14-ամյա որդին Դուբայում 9-հարկանի շքեղ առանձնատուն ունի, իսկ աղջիկները` $30 մլն արժողությամբ առանձնատներ: Մի քանի ամիս առաջ էլ Ալիևը €13 մլն արժողությամբ հյուրանոց է գնել Թուրքիայում:

Գեյբուլեևան հիշեցնում է, որ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» բրիտանական Guardian պարբերականում հրապարակել է աշխարհի տարբեր երկրներից օֆշորային հաշիվների սեփականատերերի ցանկը: Վերջինիս համաձայն` Բրիտանական Վիրջինյան կղզիներում «օֆշորային սեփականատեր» են համարվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները և կինը:

Հեղինակը նաև գրում է, որ Ադրբեջանի սահմաններից դուրս Ալիևի հարստությունը միլիարդների է հասնում:

Մեկնաբանել