Թուրքերը Եվրահանձնաժողովին խնդրել են արտոնագրել «առյուծի կաթը»

Ալկոհոլային ավանդական խմիչքներ արտադրողների թուրքական ասոցիացիան ուղերձ է հղել Եվրահանձնաժողով՝ խնդրելով արտոնագրել ռաքը կոչվող անիսոնի օղին որպես թուրքական ազգային խմիչք, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով ասոցիացիայի ղեկավար Էգեմեն Դեմիրթաշին:

Թուրքիայում ռաքըն արդեն արտոնագրված է որպես թուրքական խմիչք և ստացել է համապատասխան վկայական, որտեղ նշված է, որ ռաքըի արտադրման վայրը Թուրքիան է: Դեմիրթաշը հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովը նույնպես կարտոնագրի ռաքըն:

Ասոցիացիան դիմել է Եվրահանձնաժողով անցյալ շաբաթ՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ազգային խմիչքը կաթնաթթվային այրանն է: Վերջինի օգտին ալկոհոլից հրաժարվելու վերաբերյալ վարչապետի կոչերը սոցցանցերում բարձրացրել են հեգնանքի ալիք:

«Էրդողանի գլխավորած «Արդարության և զարգացման» կուսակցության համար ազգային խմիչքը այրանն է, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության համար՝ ռաքըն, իսկ «Ազգայնական միասնության» կուսակցության համար՝ կումիսը», – գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:

Ով և երբ է հայտնագործել աշխարհում տարբեր անուններ ունեցող ռաքըն՝ հայտնի չէ: Թուրքիայում դրա արտադրությունն ունի մոտ 300 տարվա պատմություն: Դարերի ընթացքում ռաքըն պատրաստել են խաղողից, բանանից, նուռից, դեղձից, տանձից և այլ մրգերից: 40-45 աստիճան թնդություն ունեցող ռաքըն թուրքական ճաշկերույթների անբաժանելի մասն է կազմում: Ռաքըն ավանդաբար օգտագործում են՝ խառնելով ջրի հետ, ինչից այն ստանում է կաթի գույն, որի համար էլ թուրքերը ռաքըն անվանում են «առյուծի կաթ»:

Մեկնաբանել