Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման շուրջ քվեարկությունը հետաձգվել է

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Ազգային ժողովում այսօր` ապրիլի 29-ին, շարունակվեց  նախորդ նիստում ընդհատված` ՀԱԿ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լյուդմիլա Սարգսյանի և Արամ Մանուկյանի ներկայացրած` 2008թ. մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների գործով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկումը:

Նախքան քննարկմանն անցնելը  «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է այդ հանձնաժողովի ստեղծմանը և  կողմ կքվեարկի ներկայացված նախագծին, եթե այն դրվի քվեարկության:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իր հերթին, առաջարկեց քվեարկությունը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա, կազմակերպել քննարկումների փուլեր մինչև որ օրինագիծը բոլոր կողմերի համար ընդունելի դառնա:

Սահակյանը նաև շեշտեց, որ թյուր է ձևավորված այն  կարծիքը, թե ՀՀԿ-ն դեմ է այս նախագիծը անցկացմանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց Գալուստ Սահակյանի առաջարկին՝ հետաձգելու քվեարկությունը:

Նա համաձայնեց նաև ՀՀԿ-ի կողմից նախագծում փոփոխություններ կատարելու մի շարք առաջարկներին, այդ թվում՝ հանձնաժողովի անվան մեջ «սպանություն» բառից հետո «կամ մահ պատճառելու» բառերը ավելացնելուն, որոշման նախագծի երկրորդ կետում «որևէ առաջընթաց չի արձանագրվել» բառերը փոխել «մեղավոր անձին չենք հայտնաբերվել» բառակապակցությունով և այլն: