Երևանի դպրոցականներին քոչարի պարել կսովորեցնեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:  

Շնորհավորելով պարի միջազգային օրվա կապակցությամբ` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երևանում նշելու համար և հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երևանյան այցով:

«Երևանը բազմաթիվ պետական ու մասնավոր պարախմբեր ունի, և մեր սաները, մասնակցելով միջազգային մրցույթներին ու փառատոններին, շատ հաճախ Հայաստան են վերադառնում պատվաբեր մրցանակներով»,- ասել է Տարոն Մարգարյանը` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում է պարային տարբեր խմբերի հետ՝ նրանց մշտապես ներգրավելով համաքաղաքային միջոցառումներում:

«Երկու օր է ինչ Երևանում եմ և իսկապես հիացած եմ ինչպես քաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությունից: Ինձ իսկապես հաճելի է գտնվել Ձեր գեղեցիկ քաղաքում և դրան զուգահեռ նաև արձանագրել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել Պարի միջազգային օրը Երևանում ըստ արժանվույն անցկացնելու համար: Եվ այդ ամենն արդեն իսկ հուշում է, որ տոնն իսկապես կվերածվի տոնախմբության»,- ասել է Ալկիս Ռաֆտիսը՝ նշելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Պարի ամենամյա միջազգային համաժողովը հաջորդ տարի անպայման անցկացվի Երևանում:

Ի դեպ, Պարի  միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, աշակերտներին մասնագետները հայկական ավանդական քոչարի պարել կսովորեցնեն: