Գլոբալ տնտեսության աճը կապահովի Ասիան. ԱՄՀ

Կիպրոսի իրադարձությունները հերթական անգամ հիշեցնում են՝ որքան արագ կարող են իրադարձությունները փոխվել եվրոգոտում: Իտալիայում իրադրությունը ևս շարունակում է անկայուն մնալ, և չեն վերանում կառավարության՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականցման հարցում առկա կասկածները, ասվում է միջազգային PricewaterhouseCoopers (PwC) աուդիտորական ընկերության զեկույցում:

«Դրական տեղաշարժերից է ընթացիկ տարվա մարտին միջազգային շուկայում Իռլանդիայի պետպարտատոմսերի տեղաբաշխումը: Դա տեղի է ունեցել Իռլանդիայի տնտեսության փրկությանն ուղղված միջոցառումների իրականացումից երկու տարի հետ», -ասվում է զեկույցում:

Ընկերության փորձագետները առանձին ուսումնասիրել են իրադրությունը Մեծ Բրիտանիայում: Նրանք դրական են գնահատել կորպորացիաների շահութահարկի նվազումը մինչև 20%, ինչպես նաև ենթակառուցվածքների ծախսերի ավելացումը:

«Բյուջետային միջոցառումները չափավոր դրական ազդեցություն կունենան գործարար շրջանակների և 2014-2015թթ. տնտեսական աճի վրա, սակայն բավարար չի լինի երկրի տնտեսական հեռանկարների զգալի փոփոխության վրա», -ասվում է զեկույցում:

Ըստ PwC-ի փորձագետների՝ բյուջետային համախմբման անհրաժշետությունը նախկինի պես թույլ չի տալիս ապահովել հարկային ճկունությւոնը, և կառավարությունները շարունակում են տնտեսական աճին ուղղված քայլեր ձեռնարկել՝ հիմնականում հենվելով դրամավարկային քաղաքականության վրա:

Այս ռազմավարությունը, զեկույցի համաձայն, վաղ թե ուշ փակուղի է տանելու: Ճապոնիան «պահուստային» մի շարք քայլեր դեռ ունի, ինչպես օրինակ արտաքին պետպարտքի հետգնումը, տնտեսության դրամաական խթանումները: Մյուս կողմից՝ ավելի մեղմ դրամավարկային քաղաքականությունը կարող է հանգեցնել ֆինանսավորաման արժեքի նվազմանը: Հետևապես Ճապոնիայի՝ տնտեսական աճին ուղղված խթանումների ռազմավարությունը կարող է անընդունելի լինել մի շարք երկրների համար, որոնց բնորոշ է գնաճի առավել բարձր մակարդակ:

Ընկերության փորձագետների եզրակացության համաձայն՝ կենտրոնական բանկերի հավելյալ իրացվելիության պայմաններում կոմերցիոն ձեռնարկությունները իրենց ծրագրերի իրականացման համար պետք է ֆինանսական առավել էժան ռեսուրսներ օգտագործեն: Մյուս կողմից՝ նրանք ներդրումները պետք է ուղղորդեն ֆունդամենտալ արժեքի ստեղծմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Արժույթի միջազագային հիմնադրամում գլոբալ տնտեսության վերականգնման հարցում առաջատարի դիրքերը հենց ասիական երկրներին են վերապահել: ԱՄՀ զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Ասիայում աճը կկազմի 5,7%:

«Տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերի արագացումը հնարավոր կլինի ներքին կայուն պահանջարկի պահպանման շնորհիվ: Սպառման և մասնավոր ներդրումների աճը հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանի մի շարք երկրներում գործազրկության նվազագույն մակարդակի պահպանման պայմաններում», -ասվում է զեկույցում:

ԱՄՀ փորձագետները կարևորել են հատկապես Չինաստանում պահանջարկի աճը և Ճապոնիայի կառավարության կողմից խթանումների պահպանումը:

Ասիայի տնտեսական աճի ռիսկերի թվում ԱՄՀ փորձագետները նշում են աճող տնտեսական անհավասարությունը, Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, Ճապոնիայի կառավարության խթանումների քաղաքականության ցածր արդյունավետությունը, ինչպես նաև մատակարարումների ընդհատումները՝ պայմանավորված աղետներով և աշխարահաքաղաքական իրադրությամբ:

Մեկնաբանել