Ապրիլի 10-ին պատրաստ չէի 100 ցավակցագիր ուղարկել. Ր. Հովհաննիսյան

Ես ապրիլի 10-ին պատրաստ չէի 100 ցավակցական հեռագիր ուղարկել կամ հուղարկավորության մասնակցել: Ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին:

«Մեկը ապրիլի 9-ին ուզում էր արյուն, սակայն չստացավ, իսկ ով ուզում էր դառնալ Հայաստանի  Քրիստոսը,  չդարձավ»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ միգուցե ապրիլի 9-ը լավ կազմակերպված չէր, սակայն կարևորն այն է, որ օրն անցավ առանց զոհերի:

«Ժառանգության» ղեկավարի խոսքով՝ երբ Հայաստանն ունենա այնպիսի Սահմանադրություն, որի ժամանակ Երևանի քաղաքապետն ուղղակի ընտրության միջոցով ընտրվի, ապա ինքը խնդիր չի ունենա «իր քվեն տալու Վահագն Խաչատրյանին, Արմեն Ռուստամյանին և անգամ Վարդան Օսկանյանին», բայց ներկայում, ըստ նրա, պայքարն ավելի լայն է:

Հովհաննիսյանին զարմացնում է այն փաստը, որ հայ քաղաքական և ոչ քաղաքական գործիչները, որոնք փետրվարի 18-ին ոչինչ չարեցին, այժմ գնահատականներ են տալիս ուրիշներին: «Ամեն մեկը թող իր մասին խոսի, թե ինքը ինչ է արել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան» շարժմանը, ապա, Հովհաննիսյանի խոսքով, այն առաջարկ էր, որին հասնելու համար ինքը միայնակ չի կարող պայքարել, և բոլորի օգնության կարիքը ունի. «Հայաստանի իրավիճակում մի փամփուշտով բան չի փոխվի, բայց հինգ տարի էլ պետք չէ սպասել»:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով՝ ինքը նաև որոշ հիասթափություն է զգում ոչ թե իրենից կամ ժողովրդից, այլ  նրանից, որ ապրիլի 9-ին ժողովուրդը ինչ-որ ակնկալիք ուներ, որը չարդարացվեց: Ըստ նրա` մյուս կողմից, շարժումն այլ ուղղությամբ տանելու դեպքում հաջորդ օրը կլիներ «ողբերգության Հայաստան»:

Հովհաննիսյանը նշեց, որ ապրիլի 29-ից սկսած ինքը նույնպես կմասնակցի «Բարև  Երևանի» հանդիպումներին: Նրա խոսքով՝ պայքարը պետք է տանել բոլոր հարթություններում՝ առանց հիասթափվելու: