ՀԱԿ-ը Տ. Մարգարյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, ըստ որի` Տարոն Մարգարյանը «վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով»:  Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք ավազակապետական կարկառուն մի ներկայացուցչի հետ, որը վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով: Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ և մեր մեղադրանքը հիմնավորել ենք լրջագույն փաստերով»,- ասաց Զուրաբյանը:

Գլխավոր դատախազություն ներկայացված դիմումն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

ՀՀ գլխավոր դատախազ,

Պարոն՝ Ա. Գ. Հովսեփյանին,

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

Հաղորդում հանցագործության կատարման մասին

2005 թվականին Տարոն Անդրանիկի Մարգարյանը` որպես Ավանի վարչական շրջանի ղեկավար, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, նրա և նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 հազար դրամ:

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ԿԸՀ ներկայացրած` սեփականության և եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Տ. Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ և 50 հազար դոլար։ Բացի այդ, ըստ նույն փաստաթղթի, Ավանի թաղապետը 80 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ոսկյա իրերի, թանկարժեք քարերի իրացումից, ներառյալ, ինչպես ինքն է նշել, նվիրատվություններ է ստացել դրամական ձևերով։ Այսինքն` թաղապետ աշխատելու տարիներին Տ. Մարգարյանի ունեցվածքը միլիոններով է աճել։

Որպես թաղապետ, Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմել է 130 հազար դրամ։

2005 թվականին, 27-ամյա Տարոն Մարգարյանը` ըստ նույն փաստաթղթերի, 157,9 քմ մակերեսով բնակարան ուներ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքում։ Նույն փաստաթղթի համաձայն, Տ. Մարգարյանին էին պատկանում նաև Թումանյան փողոցի 22/20 շենքի 63, 64 և 65 բնակարանները։ Այսինքն` շենքի մի ամբողջ հարկ սեփականության իրավունքով Տ. Մարգարյանինն էր։

2007 թվականին ԿԸՀ ներկայացրած փաստաթղթի համաձայն, բոլոր այս սեփականությունները շարունակում էին պատկանել Ավանի թաղապետին։ Բայց այդ փաստաթղթից երևում է, որ երիտասարդ թաղապետը իր կարճատև պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է բազմապատկել իր միլիոնները, այլ նաև` կրկնապատկել իր անշարժ գույքը։

Այսպես` Ավանի թաղապետը սեփականաշնորհել է Ավան համայնքի Բաբաջանյան փողոցում գտնվող մի հողակտոր, որտեղ երեք հարկանի դղյակ է կառուցում։ Ավանի թաղապետին են պատկանում նաև Արաբկիրի Վաղարշյան փողոցի վրա գտնվող` 820 քառակուսի մետր մի տարածք, «Ավան» առևտրի կենտրոնը, Ավանի Աճառյան փողոցի վրա գտնվող` 3 հազար 729 քառակուսի մետր մի տարածք։ Տ. Մարգարյանը, ըստ իր կողմից ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, Ավան համայնքում ունի 3 ավտոտնակ, բայց ոչ մի մեքենա չունի։ Ամբողջ իր այս ունեցվածքը հայտարարագրելիս Մարգարյանը նշել է նաև, որ ժառանգության կարգով ստացված գույք չունի, ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտ չունի, նվիրատվության և օգնության կարգով ստացված գույք չունի և այլն։ Մի խոսքով, Ավանի թաղապետը, ըստ իր ներկայացրած փաստաթղթերի, ոչ մի կողմնակի եկամուտ չունի։

Ըստ 2013թ. Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար ներկայացված հայտարարագրի՝ Տարոնը մարգարյանը հայտարարագրել է միայն իր անունով սեփականությունը: Այն է` հարհուր տասնհինհգ մլն. դրամ, հիսուն հազար դոլար, հիսուն հազար եվրո, հիսուն տոկոս բաժնեմաս „Զեթ ընդ Զեթ” ընկերությունում, բնակարաններ Երևանում – Ավան, Սայաթ Նովա 8, բն. 7, մակերեսը` 137.9 քառ, մետր, Թումանյան փողոց – 63, 64, 65, 190.2 քառ. մետր, Ավան, Բաբաջանյան 77/7, տարածքը` 1578.3 քառ. մետր, տարածք Երևանում, Առևտրի կենտրոն 2/3, 761.24ք/մ, տարածք Երևանում, Ավան, Աճառյան 42, 3729.8 ք/մ, Շենք և շինություն, Ավան, Չարենցի թաղամաս, 44ք/մ, Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը` 2.585ք/մ, Հողամաս Դիլիջանում, Մաքսիմ Գորկի 3/1, 6365ք/մ, Ավտոտնակ Ավան 8 շենքի բակում, ևս մեկ ավտոտնակ Ավան 18 շենքի բակում, Ավտոմեքենա Մերսեդես S 450, 2007թ արտադրության, Ռեյնջ Ռովեր սուպեր չարչ, 2006թ. արտադրության, Մերսեդես Բենց G 500, 2002թ. արտադրության: Նաև ստանում է աշխատավարձ` ամեն ամիս 394.000 դրամի չափով: Այս ամենի գնահատաումը ամենահամեստ հաշվարկներով գերազանցում է տաս միլիոն դոլարը:  (Ավելացնենք որ Տարոն Մարգարյանի կնոջ ներկայացրած հայտարագրում առկա է հետևյալ գոյքը և միջոցները՝ Փամփուշտների գործարանում հիսուն տոկոս բաժնեմաս: Արմավիր` վաթսուն հեկտար այգի, պահածոների գործարան, ստադիոնի մոտ՝ երկհարկանի շինանյութի խանութ, «Միլենա» տաքսի ծառայություն, Ավան առինջում` սուպերմարկետ, Ավանում մոտ վաթսուն կրպակ, «Բունար» գովազդային գործակալություն, որը Երևանում ունի հիսուն վահանակ, մետրոյի կայարաններում կրպակներ):

Ըստ այլ աղբյուրների` սա ամբողջական գույքը, ունեցվածքը և եկամտի աղբյուրները չեն, որոնք հայտարարագրվել են Տարոն Մարգարյանի կողմից:

ՀՀ Քրեական օրենսգիրքով քրեական պատասխանատվություն է սահմանված Հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտներն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:

ՀՀ Քրեական օրենսգիրք, 190-րդ հոդված «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)»:

Ներկայացնելով սույն հաղորդումը ենթադրյալ հանցագործության մասին, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ, 178-րդ, 179-րդ, 181-185-րդ հոդվածներով, խնդրվում է՝ պարզել Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված հայտարարագրում ներկայացված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, գտնվելու վայրի, տնօրինման եղանակի, տեղաշարժի, իրավունքների կամ պատկանելության կամ գույք ձեռք բերելու կամ տիրապետելու կամ օգտագործելու կամ տնօրինելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների («ատկատների» և այլն) կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացման  հետ: