Երևանի գլխավոր խնդիրն այն է, որ նրան լուրջ չեն վերաբերվում: Ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջատար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ պետք է փոխել քաղաքի կառավարման գաղափարախոսությունը և Երևանին մոտենալ որպես ամբողջ հայության մայրաքաղաքի:
Հարցին, թե միայն արտգործնախարար լինելը կօգնի արդյոք ավելի լավ կառավարել Երևանը, Օսկանյանը նշեց, որ եթե քաղաքապետի պաշտոնը դիտարկվի միայն կենցաղային խնդիրները լուծելու տեսանկյունից, ապա ինքն այնտեղ անելիք չունի: Սակայն քաղաքապետի լիազորությունների շրջանակը, ԲՀԿ ներկայացուցչի համոզմամբ, ավելի լայն է և ներառում է նաև քաղաքական խնդիրներ:
«Մենք քաղաքի ընտրություններին ուրիշ կողմից ենք նայում, դրանք և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ քաղաքային են»,- նկատեց Օսկանյանը` հավելելով, որ արտգործնախարար աշխատած տարիների փորձը կօգնի իրեն` խթանելու Երևանի արտաքին կապերը:
Դիտարկմանը, որ այսօր քաղաքապետը և քաղաքապետարանը կախվածություն ունեն նախագահից և իշխող կուսակցությունից՝ Օսկանյանը նշեց, որ երբ քաղաքապետը իշխող կուսակցության անդամն է լինում, բնական է, որ ցանկացած ազդեցություն կարող է լինել նրա վրա, իսկ եթե քաղաքապետը ԲՀԿ անդամ է, ապա ՀՀԿ-ի որոշումները չեն ազդի նրա վրա: Եվ այս պարագայում, ըստ նրա, կարևոր է քաղաքական մենաշնորհի վերացումը:
Նախկին արտգործնախարարի խոսքով՝ քաղաքապետարանը քաղաքային բյուջեն վատնում է անխնա` որպես օրինակ նշելով գործուղումների վրա ծախսված գումարը, ինչը համարժեք է արտաքին գործերի նախարարության կատարած ծախսերին:
Անդրադառնալով ընտրակաշառքների խնդրին` Օսկանյանը նշեց, որ իրենք այս օրերին շատ զգույշ են, որպեսզի իրենց հիմնադրամի կողմից կատարվող բարեգործությունը չներկայացվի որպես ընտրակաշառք:
Հարցին, թե ինչ կանի քաղաքապետ ընտրվելուց հետո, Օսկանյանը նշեց, որ նախ կփոխի կառավարման փիլիսոփայությունը, երկրորդ` հիմնական թիրախը կլինի արժանապատիվ քաղաքացին և երրորդ՝ կվերացվեն բյուրոկրատական քաշքշուկները:
Օսկանյանը խոսք տվեց, որ ընտրվելու դեպքում ինքը շաբաթը մեկ-երկու անգամ աշխատանքի կգնա քաղաքային տրանսպորտով:
Նա նշեց նաև, որ ոչ իշխանական ուժերի հետ ամեն ինչ անելու է` ընտրությունների ընթացքը վերահսկելու համար: