Քաղաքականության օրենքը՝ ըստ Սերգեյ Լավրովի

2013թ. մարտին՝ ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ջոն Քերիի հետ առաջին հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել ամերիկյան Foreign Policy հեղինակավոր հադեսին։ Նրա հետ զրուցել է պարբերականի գլխավոր խմբագիր Սյուզան Գլասերը։

Շատերը Լավորովին կոչում են «ռուս իրատես», որը ձգտում է ավելի շուտ Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության, քան միջազգային հարաբերություններում գաղափարախոսության դերի գերակայության, նկատել է Գլասերը։ «Ես չեմ հավատում միջազգային հարաբերություններում գաղափարախոսությանը»,- հաստատել է Լավրովը հարցազրույցում։ Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին անգամ դիվանագետները «գործնական մակարդակում միշտ փորձել են պրագմատիկ լինել»։

«Այսօր ՌԴ-ն վարում է արտաքին քաղաքականություն, որը կմիավորի երկրներին, ոչ թե կստեղծի պառակտման ինչ-որ արհեստական գաղափարախոսական ուղեգծեր»,- ասել է Լավրովը՝ հավելելով, թե այդպիսի ուղեգծերն առանց այդ էլ շատ են։ Օրինակ՝ այսօր ավելի ու ավելի է գաղափարայնացվում ՆԱՏՕ-ն։ Ռուսաստանը Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն համարո՞ւմ է իր հակառակորդը, շտապել է պարզել Գլասերը։ «Ո՛չ, չի համարում,- արձագանքել է Լավրովը։- Ռուսաստանի ռազմական դոկտրինը հռչակում է. մենք սպառնալիք ենք տեսնում ոչ թե ՆԱՏՕ-ում, որպես այդպիսին, այլ նրանում, որ ՆԱՏՕ-ն փորձում է գլոբալ դեր ստանձնել՝ ռազմական գործողությունների գլոբալ շառավղով»։

Ինչպե՞ս է փոխվել Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոճը իր պաշտոնավարման տարիներին, հետաքրքվել է Foreign Policy-ի խմբագիրը։ «Մենք երբեք չենք ասել, գիտեք՝ մենք կարող ենք ինչ-որ մեկին աջակցել Լիբիայում, ապա նույն այդ մարդկանց դեմ պատերազմել Մալիում։ Ահաբեկիչներն ահաբեկիչներ են, և երբ ագրեսիվ բնազդները չեն արգելափակվում, մեզ մոտ աղետ է սկսվում,- ասել է Լավրովը։- Մենք միշտ ճշմարտությունն ենք ասել»։

Վերադառնալով փոփոխություններին ռուսական արտաքին քաղաքականությունում՝ Լավրովը նկատել է, որ Ռուսաստանի տնտեսությունն ամրապնդվել է, սոցիալական խնդիրները հաջողությամբ լուծվում են, և երկիրն իրեն ավելի վստահ է զգում, կարող է պաշտպանել իր օրինական շահերն այնտեղ, որտեղ երկար ժամանակ բացակայել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Համաձա՞յն է Լավրովն այն մտքի հետ, որ ՄԱԿ-ն արդեն չի խաղում այն դերը, ինչ նախկինում։ Նախարարը ՄԱԿ-ի մոդելն անվանել է արդյունավետ, իսկ հայտարարությունները, թե Ռուսաստանի կամ Չինաստանի վետոն կաթվածահար է անում կազմակերպության աշխատանքը՝ սխալ։ «ՄԱԿ-ի կանոնադրության հեղինակները հստակ գիտակցել են. եթե հզոր տերություններից մեկն առարկում է, որոշումը, ըստ էության, չի ընդունվի, քանի որ այն չի աշխատի»,- պարզաբանել է Լավրովը։ Մեր օրերում, երբ քննարկվում է ՄԱԿ-ի արդյունավետությունը, սովորաբար ենթադրվում է մի բան՝ աջակցե՞ց արդյոք Անվտանգության խորհուրդը Արևմուտքի դիրքորոշմանը, թե ոչ, նկատել է Լավրովը։

Կարելի՞ է Չինաստանը համարել Ռուսաստանի գործընկեր, հարցրել է Գլասերը։ «Չինաստանի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք»,- պատասխանել է Լավրովը։ Նրա կարծիքով՝ միջազգային հարաբերություններում Չինաստանն ու Ռուսաստանը մի բան են ցանկանում՝ «ժողովրդավարություն և օրենքի գերակայություն»։

«Արևմուտքի մեր բարեկամները օրենքի գերակայություն են քարոզում բացառապես ներքին քաղաքականության բնագավառում՝ ազգային պետությունների մակարդակում։ Հենց նրանց խնդրում ես օրենքի գերակայությունը քննարկել միջազգային մակարդակում, նրանց խանդավառությունը մարում է»,- ասել է նախարարը։

Շատերը կպնդեն, թե Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցում են Անվտանգության խորհրդում, ավտորիտար արտաքին քաղաքականություն իրականացնելու համար՝ չվախենալով միջազգային միջամտությունից, նկատել է լրագրողը։ «Ռուսաստանն ու Չինաստանը ելնում են պլյուրալիզմը, ժողովրդավարական կանոններն ու օրենքի գերակայությունը միջազգային հարաբերություններում ամրապնդելու անհրաժեշտությունից,- արձագանքել է Լավրովը։- Դա դուր չի գալիս նրանց, ովքեր կարծում են, թե բոլորից լավ են կարողանում գնահատել իրադրությունը այլ երկրներում»։

Ռուսաստանի արտգործնախարարը կոչ է արել «համակերպվել այն փաստի հետ, որ համաշխարհային քաղաքականությունը միակենտրոն չէ»։ Ռուսաստանն ու Չինաստանն իրավունք ունեն անկախ մտածելու։ «Սակայն անկախ չի նշանակում մեկուսացնող»,- հավելել է Լավրովը։ Ռուսաստանը ցանկանում է վարել անկախ արտաքին քաղաքականություն, սակայն կողմ է կոլեկտիվ մոտեցումներին՝ լոկալ սպառնալիքների ու մարտահրավերների ժամանակ։

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Լավրովը նշել է, որ եթե սիրիական ընդդիմությունը հաղթի ուժային միջոցներով, Սիրիայի ազգային խորհրդի անդամներին Սիրիա չեն հրավիրի, և երկիրը կղեկավարեն զինված մարդիկ, ՌԴ արտգործնախարարի ձևակերպմամբ՝ ծայրահեղականները։

Մեկնաբանել