Է. Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Ռուսաստանի դեսպանին

Ապրիլի 29-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կովալենկոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:

Կովալենկոն նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման մեջ և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված մեծ աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:

Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում Կովալենկոյի ներդրման համար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Վյաչեսլավ Կովալենկոյին: