Ճապոնիան ու Ռուսաստանը ցանկանում են խաղաղության համաձայնագիր կնքել

Ռուսաստանն ու Ճապոնիան հայտարարել են խաղաղ համաձայնագիր կնքելու մտադրության մասին, ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ ապրիլի 29-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարությունում։

Ընդ որում՝ երկրու երկրների ղեկավարները չեն նշել, թե ինչպես է ընթանում Կուրիլների խնդրի լուծումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Երկու երկրների ղեկավարները համաձայնվել են, որ իրադրությունը, երբ Երկրորդ աշխարհամարտի ավարտից 67 տարի անց Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև խաղաղ համաձայնագիր չի կնքվել, նորմալ չէ»,- նշված է փաստաթղթում։

Աբեն դեռ այցի նախաշեմին հայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով խաղաղ համաձայնագրի (որի կնքմանը խանգարում է Կուրիլյան կղզիների խնդիրը) մասին բանակցությունները։

Նա նաև նշել էր, որ կցանկանար անձնական վստահելի հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահի հետ։

Ճապոնիան պնդում է, որ իրեն վերադարձվեն Կուրիլյան կղզեխմբի հարավային կղզիները՝ Իտուրուպը, Քունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայի արշիպելագը, որոնք բռնակցվել են Խորհրդային Միության կողմից Երկրորդ աշխարհամարտի վերջին։

Նշենք, որ սա Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցն էր Ռուսաստան վերջին տասը տարիներին։

Մեկնաբանել