Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին զեկուցել են ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքների մասին, որը մեկնարկել էր 2010թ. հունիսին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա սեպտեմբերին:

Մարկ Հորթոնը գոհունակությամբ է խոսել ընթացիկ ծրագրի արդյունքների մասին և ընդգծել, որ նման բարեհաջող ավարտը ամուր հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցությունների համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ՀՀ ԿԲ-ի հետ ԱՄՀ-ի համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տնտեսության ներկա վիճակին, տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, զարգացման ծրագրերին, ինչպես նաև ԱՄՀ նոր ծրագրի շուրջ բանակցություններին վերաբերող հարցերին:

Մեկնաբանել