Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է. Վ.Օսկանյան

Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետը պիտի լինի. մինչ այս ժողովուրդն այդ չի զգացել, քանի որ քաղաքապետը միշտ իշխող քաղաքական ուժից է եղել. նշեց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Վարդան Օսկանյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում:

Նա նշեց, որ Երևանում ոչ միայն վատ կառավարման արդյունքում վատնումներ կան, այլև՝ չօգտագործված ներուժ: «Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է: Քաղաքապետի միջոցով բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել»,- ասաց նա:

Օսկանյանը նշեց, որ դեպի Եվրոպա ձգտող, նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանը միակն է, որ ընտրություններով իշխանություն չի փոխում՝ ոչ քաղաքում, ոչ Ազգային ժողովում, ոչ՝ նախագահականում: «Ուզում ենք՝ աշխարհը, Եվրոպան, և վերջապես, մեր ժողովուրդը մեզ լուրջ ընդունի, մենք պիտի ընտրությունները ազատ, արդար անենք»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ դեպքում միանշանակ մեծամասնության քվեն իշխանությունը չի ստանա:

Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ Օսկանյանն անդրադարձավ Facebook-ում իր կատարած գրառումներին: Դրանք, նրա խոսքով, ոչ թե կուսակցության հայտարարություններ են, այլ՝ իր անձնական կարծիքը, դիտարկումները, և գրառումներ կատարելու այս փաստը ներկուսակցական ազատության մասին է խոսում: «Թեկուզ իմ անձնական կարծիքի մեջ, ես երկրի ընդհանուր վիճակն եմ տեսնում: Ընդդիմությունն այն չէ, որ դու հայտարարես, թե ընդդիմություն ես, բայց քո ամեն մի քայլը համաձայնեցնես իշխանության հետ, կամ ուղղակի բացառես իշխանության հետ որևէ համագործակցություն»,- նշեց նա:

Մեկնաբանել