Քիմիա՝ առանց ռեակցիաների

Ապրիլի 29-ին «Նաիրիտի» աշխատակիցները հերթական անգամ ցույցի էին դուրս եկել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով վճարել իրենց շուրջ մեկ տարվա կուտակված աշխատավարձերը: Կառավարությունը «Նաիրիտի» բաժնետոմսերի ընդամենը 10%-ի սեփականատերն է, իսկ գործարանի 90% բաժնեմասը պատկանում է օֆշորային Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Rhinoville Property Limited ընկերությանը: Լրատվամիջոցները տեղեկացրին, որ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի և «Նաիրիտի» ներկայացուցիչների հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի ապրիլի 30-ին, ևս մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի մինչև հունիսի սկիզբը:

Նախկինում ևս մի քանի անգամ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել՝ աշխատավարձերը վճարելու պահանջով, և ամեն անգամ ՀՀ իշխանությունները որոշակի ձևով բավարարել էին նաիրիտցիների պահանջները:

Փաստը, որ յուրաքանչյուր բողոքի ակցիայից հետո կառավարությունը փորձում է ինչ-որ լուծում գտնել «Նաիրիտի» աշխատավարձերի խնդրին, խոսում է, որ քիմիական հսկայի խնդիրների լուծման հարցում համակարգային մոտեցում չի եղել: Գործադիրն ամեն անգամ իրավիճակային լուծումներ է գտնում՝ մինչև բողոքի հաջորդ ակցիան: Ընդ որում, յուրաքանչյուր նման «լուծում» նշանակում է «Նաիրիտի» պարտքի ավելացում, քանի որ աշխատավարձերը, ըստ ամենայնի, վճարվում են կառավարության միջնորդությամբ առևտրային բանկերից վերցվող նոր վարկերի հաշվին:

Ճիշտ է, «Նաիրիտը» տնտեսական կարևորությունից բացի, սոցիալական մեծ նշանակություն ունի, սակայն բիզնեսի տրամաբանության տեսանկյունից այնքան էլ հասկանալի չէ, երբ նաիրիտցիների պահանջներն ամեն անգամ պետք է բավարարի 10-տոկոսանոց բաժնետերը՝ ՀՀ կառավարությունը:

Ներկայում «Նաիրիտի» շուրջ բարդ կծիկ է ստեղծվել. մի կողմից ընկերության բիզնեսը՝ կաուչուկի արտադրությունը, կարող է գրավիչ լինել բիզնես տեսանկյունից, մյուս կողմից՝ «Նաիրիտի» ներկայիս պարտավորությունները (այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկից վերցրած $70 մլն-ի և դրա տոկոսների մարումը) և նախկինում կատարված մի շարք անհասկանալի գործարքներ ստիպում են, որ խոշոր ինստիտուցիոնալ ներդրողները շատ զգուշորեն մոտենան «Նաիրիտի» կառավարումը ստանձնելու գաղափարին:

«Նաիրիտը» լավագույն օրինակն է, թե ինչպես ոչ համակարգային լուծումների ու կարճաժամկետ քայլերի արդյունքում մի ամբողջ շահութաբեր ճյուղ կարող է հայտնվել նման անհույս վիճակում:

Կ.Հ.

Մեկնաբանել