Ալիևի աշխատակազմի ղեկավարը Իրանում բացատրություն է տվել Մամեդյարովի Իսրայել այցի վերաբերյալ

Ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի մեկնել է Իրան, հաղորդում է ադրբեջանական hazzin.az-ը: Այցի նպատակների և օրակարգի մասին նախապես չի հաղորդվել: Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ՝ Մեհթիևը Իրան է մեկնել ամենայն հավանականությամբ պաշտոնական Թեհրանին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Իսրայել վերջին այցի հետ կապված բացատրություններ տալու նպատակով: Ինչպես հայտնի է, Թեհրանը կտրուկ դեմ է պաշտոնական Բաքվի և Թել Ավիվի միջև շփումներին՝ անգամ սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ: Մամեդյարովի այցը Իսրայել Իրանում որպես բացահայտ մարտահրավեր են ընկալել: Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ Մեհթիևին Իրանում բարդ բանակցություններ են սպասվում: Այսպես՝ ապրիլի 29-ի առավոտյան նա փակ ձևաչափով հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Սաիդ Ջալիլի հետ: Այնուհետ երկկողմ բանակցությունները շարունակվել են Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Նույն օրը երեկոյան նա հանդիպել է նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Վերջինիս Մեհթիևը փոխանցել է Ալիևի ուղերձը և շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Մեհթիևը նշել է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար առկա է մեծ ներուժ:

Մեկնաբանել