ԱՄՀ-ն գլոբալ տնտեսական շարժիչի դերը Ասիային է վերապահում

Կիպրական իրադարձությունները հերթական անգամ հիշեցնում են, թե որքան արագ կարող է իրավիճակը փոխվել եվրոգոտում։ Իրադրությունն անկայուն է նաև Իտալիայում, ավելին՝ դեռ իրական են կառավարության՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում առկա կասկածները, ասվում է PricewaterhouseCoopers (PwC) միջազգային աուդիտորական ընկերության զեկույցում։ Այս ֆոնին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գլոբալ տնտեսության շարժիչի դերը ասիական երկրներին է վերապահում։

«Գլոբալ դրական տեղաշարժերի թվում ընթացիկ տարվա մարտին Իռլանդիայի պետպարտատոմսերի տեղաբաշխումն էր՝ երկրի տնտեսության փրկությանն ուղղված միջոցառումների մեկնարկից երկու տարի անց»,– ասվում է PwC-ի զեկույցում։

Ընկերության փորձագետների ուշադրության կենտրոնում հայտնվել է նաև իրադրությունը Մեծ Բրիտանիայում։ Նրանք դրական են գնահատել կորպորատիվ շահութահարկի դրույթի նվազեցումը մինչև 20%-ի մակարդակ, ինչպես նաև ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի ավելացումը։ «Բյուջետային միջոցառումները չափավոր դրական ազդեցություն կունենան գործարար շրջանակների և 2014-2015 թթ. տնտեսական աճի վրա, սակայն բավարար չեն լինի երկրի տնտեսական հեռանկարների էական փոփոխության համար»,– ասվում է զեկույցում։

Ըստ PwC-ի մասնագետների՝ բյուջետային կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը գլոբալ մակարդակում նախկինի պես թույլ չի տալիս ապահովել հարկային ճկունություն, և կառավարությունները շարունակում են տնտեսական աճին ուղղված քայլեր ձեռնարկել՝ հիմնականում հենվելով դրամավարկային քաղաքականության վրա։

Այս ռազմավարությունը, զեկույցի համաձայն, վաղ թե ուշ փակուղի է տանելու: Օրինակ՝ Ճապոնիան, որը թեև «պահուստային» մի շարք քայլեր ունի՝ արտաքին պետպարտքի հետգնում, տնտեսության դրամական խթանումներ, սակայն վերջին շրջանում որդեգրած ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը կարող է հանգեցնել գնաճի։

Ընկերության փորձագետների եզրակացության համաձայն՝ կենտրոնական բանկերի հավելյալ իրացվելիության պայմաններում կոմերցիոն ձեռնարկությունները ներդրումային ծրագրերում պետք է ավելի էժան ֆինանսական ռեսուրսներ փնտրեն։ Մյուս կողմից՝ նրանք ներդրումները պետք է ուղղորդեն հիմնարար արժեքների ստեղծմանն ու արտադրողականության բարձրացմանը։

Ուշագրավ է, որ այս ֆոնին Արժույթի միջազգային հիմնադրամը գլոբալ տնտեսության վերականգնման հարցում առաջատարի դիրքերը հենց ասիական երկրներին է վերապահել։ ԱՄՀ տարածաշրջանային զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Ասիայում աճը կկազմի 5,7%։
«Տարածաշրջանում տնտեսական աճի տեմպի արագացումը հնարավոր կլինի ներքին կայուն պահանջարկի պահպանման շնորհիվ։ Սպառման և մասնավոր ներդրումների աճ հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանի մի շարք երկրներում գործազրկության նվազագույն մակարդակի պահպանման պայմաններում»,– ասվում է զեկույցում։

ԱՄՀ փորձագետները կարևորել են հատկապես Չինաստանում պահանջարկի աճը և Ճապոնիայի կառավարության խթանումների քաղաքականության հետևողական իրականացումը։

Ասիայում տնտեսական ռիսկերի թվում ԱՄՀ փորձագետները նշել են աճող սոցիալական անհավասարությունը, Չինաստանում աճի տեմպի դանդաղումը, Ճապոնիայի կառավարության խթանումների քաղաքականության ցածր արդյունավետությունը, ինչպես նաև մատակարարումների ընդհատումները՝ պայմանավորված բնական աղետներով և աշխարհաքաղաքական իրադրությամբ։