Նախագահականից դրամաշնորհներ ստացած կազմակերպությունները չեն հայտնաբերվում

Լուսանկարը` president.am-ի

2010-2012 թթ. Հայաստանի նախագահի աշխատակազմից 500 մլն դրամի չափով դրամաշնորհներ տրամադրելու կապակցությամբ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցերին, նշել է, որ «դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի նախագահի աշխատակազմի և գործընկեր հասարակական կազմակերպության համատեղ ձևավորած մոնիտորինգի հանձնաժողովը»:

«Եթե հանձնաժողովը մշտապես քննության է առնում յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությունը, ապա արդեն իսկ եղած արդյունքներով սկսվել են ընդհանուր ծրագրի զարգացման վերաբերյալ քննարկումներ, որոնք նպատակ ունեն ապահովել նախաձեռնության սահուն անցումը սկզբնական փուլից դեպի ավելի ծրագրային ու զարգացման հարթություն»,- դրամաշնորհների ծախսի արդյունավետության վերաբերյալ հարցերին այսպես է պատասխանել նախագահի խոսնակը: 

31 հասարակական կազմակերպություններին նախագահի աշխատակազմի տրամադրած 500 մլն դրամի ծախսի արդյունավետության հարցը հանրային ուշադրությանն է արժանացել վերջերս, երբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ստացավ պաշտոնական պատասխան դրամաշնորհների վերաբերյալ:

2011 և 2012 թվականներին 27 մլն դրամի դրամաշնորհ ստացած «Արբանյակ» կազմակերպությունը, որը պաշտոնական փաստաթղթի համաձայն, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է: Այն, ըստ պետական ռեգիստրի տվյալների, գործում է Երևանում՝ Եզնիկ Կողբացու 29, բնակարան 2Ա հասցեում: Տվյալ հասցեում որևէ ցուցանակ չկա: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, շենքը հյուրատան նման էր, մենեջերն ասաց՝ անհնար է «գնալ այդ բնակարան»: Մենեջերը չի հիշել, որ այդ շենքում երբևէ գործել է «Արբանյակ» ՀԿ-ն:

Ըստ պետական ռեգիստրի` այս նույն հասցեում է գործում նաև «Երիտասարդների երկիր» առողջապահական հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գլխավոր գանձապետի գրությանը կից փաստաթղթի, Հայաստանի նախագահի աշխատակազմից 2011 և 2012 թվականներին արժանացել է ավելի քան 27 մլն դրամի դրամաշնորհի: Մենեջերն այս դեպքում ևս շեշտել է, որ նման կազմակերպություն այս հասցեում չի գործել:

Պետռեգիստրի ներկայացուցիչը զարմանքով հայտնել է պաշտոնական փաստաթղթում նշված և պետբյուջեից դրամաշնորհ ստացած մեկ այլ՝ «Կրթված սերունդ կրթական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հասցեն` այս անգամ Եզնիկ Կողբացի 2Ա, բնակարան 29: «Ոնց որ թարս է գրված»,- զարմացել է նա:

Կողբացու 2Ա, բնակարան 29 հասցեում, պարզվել է՝ վարձով ապրողներ են հայտնվում ժամանակ առ ժամանակ: 50 տարի այնտեղ բնակվող հարևաններն ասացին՝ երբեք չեն նկատել հասարակական կազմակերպությանը, ցուցանակ ևս չկար: 

Շարունակելով Հայաստանի նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների փնտրտուքը, հիմք ընդունելով պետռեգիստրում գրանցված հասցեն, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցները գնացել են նաև Բուռնազյան 70 տուն: Ըստ պետռեգիստրի` այս հասցեում են գրանցված «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» երիտասարդական կազմակերպությունը, ինչպես նաև «Մեր երկրի ապագան» հասարակական կազմակերպությունը, որը, ըստ գանձապետի գրությանը կից փաստաթղթի, իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է: «Մեր ուժը մեր երիտասարդությունն է» կազմակերպությունը 2011-2012 թթ. ստացել է ավելի քան 23 մլն դրամ, իսկ «Մեր երկրի ապագան մեր ձեռքերում է» կազմակերպությունը՝ մոտ 27 մլն դրամ: Բայց այդ հասցեում կիսաքանդ տուն էր: Այստեղ ևս չեն նկատել հասարակական գործունեությամբ զբաղվողների:

Նախագահականից դրամաշնորհներ ստացողների գործունեությամբ անցած շաբաթներին ապարդյուն է հետաքրքրվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը: Ասաց՝ որևէ տվյալ չի գտել:

«Շատ զարմանալի է, որովհետև այսօր ընդհանրապես ցանկացած կազմակերպություն ավելի շահագրգռված է, որ հնարավորինս շատ մարդ իրենց մասին իմանա: Մինչդեռ այս ՀԿ-ները փորձում են ստվերում մնալ: Նույն ՀԿ-ները երեք տարի շարունակ ֆինանսավորում էին ստացել: Դրան հաջորդեց նաև լրագրողների մյուս բացահայտումը, որ դրանք հենց այդ նույն տարում են հիմնադրվել և ֆինանսավորում ստացել, ինչը նույնպես հակասում է ֆինանսավորման սկզբունքներին», – նշել է Դոյդոյանը:

Լրագրողները նաև բացահայտել են, որ այդ հասարակական կազմակերպություններից մի քանիսի («Արբանյակի», «Կրթված սերունդ կրթական ասոցիացիայի» և ևս մի քանիսի) հիմնադիրների անունները համընկնում են:

«Կարող եմ պնդել, որ դրանք իշխանության տարբեր ներկայացուցիչների մտերիմներ են, հարազատներ են, բարեկամներ են, կամ իշխանական կուսակցությունների երիտասարդ կարիերիստներից մի քանիսն են»,- պնդել է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

Գևորգյանը մշտապես ուսումնասիրում է պետբյուջեի նախագծերն ու կատարողականները: Մեկնաբանը պնդել է, որ Հայաստանում շատ ու շատ ոլորտներ ֆինանսների բացակայության պատճառով շատ հաճախ տուժում են, տուժում են նաև մարդկային կյանքեր:

«Հիշենք այն զինվորին, որին տեղափոխեցին Մոսկվա վիրահատության համար, ընդամենը 20 մլն դրամ էր հարկավոր կյանքը փրկելու համար, չգտան այդ փողը»,- նշել է նա:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նույնպես հարցումներ է ուղարկել՝ դրամաշնորհների արդյունավետության առնչությամբ:

«Անհասկանալի է, թե ինչպես նորաստեղծ հասարակական կազմակերպությունները վրա-վրա այդ գումարները ստանում էին պետությունից, և իրենց գործունեության մասին հանրային լայն իրազեկում չկա»,- ասել է Բարսեղյանը:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի համանախագահ, Հայաստանի զգային համակարգող Բորիս Նավասարդյանը դրամաշնորհների տրամադրման փաստերը չի առանձնացրել պետական մյուս մրցույթներից:

«Գիտենք, ինչպես է բաժանվում ցանկացած պետական տենդեր, նույն կերպ էլ` դրամաշնորհները»,- ասել է նա` հավելելով, որ քաղաքացիական հասարակության զարգացման համար անհրաժեշտ է սահմանափակել պետական պաշտոնյաների միջամտությունը հասարակական կազմակերպություններին ֆինանսավորելիս:

Azatutyun.am