Ապրիլի 30-ին Ջազի միջազգային օրն է

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է 2012-ին: Նման օր սահմանելու իր որոշման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է 2011թ.: Որպես տոնի հիմնական նպատակ է նշվում «միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացումը ջազի մասին, որը մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանը և երկխոսությանը նպաստող ուժ է»:

Ներկայում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ գործիք է դարձել Ջազի միջազգային օրը:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարեվերջին 20-րդ դարեսկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ռասաներն ու ազգությունները, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է հանդիսանալ նաև այսօր, ահա ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ջազի միջազգային օր սահմանել: Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար», – ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Ի դեպ՝ առաջին անգամ «ջազ» բառը հիշատակվել է 1912թ. ապրիլի 2-ին: