Նոր 5-եվրոյանոցները շրջանառության մեջ կլինեն մայիսի 2-ից

Մայիսի 2-ից Եվրոպական կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 5-եվրոյանոց նոր թղթադրամաներ, հաղորդում է Reuters-ը: Նոր թղթադրամների վրա պատկերված են հունական դիցաբանության հերոսներ, և հինգ թվի գույնը զմրուխտե երանգ է ստացել: 5-եվրոյանոց փոփոխությունը միակը չի լինելու: Գերմանացի փորձագետներն առաջարկում են շրջանառությունից հանել 500-եվրոյանոց թղթադրամները: Նրանց կարծիքով՝ դա անհրաժեշտ է միայն քրեական կառույցներին և կոռուպցիայով զբաղվողներին:

Սա պայմանվորված է հանգամանքով, որ նման խոշոր թղթադրամը առօրյա կյանքում չի գործածվում: Շատ եվրոպացիներ այն անգամ երբևէ չեն տեսել:Անկանխիկ վճարումների աճի ֆոնին այն շրջանառությունից հանելու առաջարկը բավական հավանական է:

Եվրոպական կենտրոնական բանկը մտադիր է առաջիկա տարիներին շրջանառության մեջ դնել մյուս եվրոթղթադրամների նոր տարբերակները: Նոր 5-եվրոյանոցը ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին ներկայացրել էր դեռ հունվարին: «Նոր եվրոթղթադրամները խորհրդանշում են մեր մայրցամաքի միասնականությունը և բազմազանությունը», -ասել էր Դրագին:

Մեկնաբանել