Թուրքիան շնորհակալ է Ադրբեջանին Ցեղասպանության ճանաչումը կանխելու համար

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հայտարարել է, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը 2013թ. կայանալու է Թուրքիայում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend-ը, ներկայում հստակեցվում է հանդիպման ժամկետը:

Անդրադանալով Հայոց ցեղասպանության, ինչպես նաև թուրքական մեջլիսին ներկայացված առաջարկությանը, որը կոչ է անում Թուրքիային ներողություն խնդրել, թուրք դիվանագետը պատասխանել է, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Նա քրդական կուսակցության այդ նախաձեռնությունն աներկբայորեն կապել է  հայկական սփյուռքի գործունեության հետ:

«Թուրք հասարակությունը բաց է և ժողովրդավար: Մենք թույլ չենք տա թուրքական աշխարհի վրա բիծ առաջանա, սակայն տեղի ունեցած իրադարձությունները պետք է և անհրաժեշտ է ուսումնասիրել: Սակայն այդ երկխոսությունը պետք է տեղի ունենա միայն պատմաբանների միջև»,- ասել է թուրք դիվանագետը:

Բաքվում Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին նման կարևոր հարցերում Անկարային օժանդակելու համար:

Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին առաջարկել է Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել: