Մարկ Ցուկերբերգը միացել է «1 դոլար աշխատավարձ» ակումբին

Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն այսուհետև ստանալու է 1 դոլար խորհրդանշական աշխատավարձ, այս մասին ասված է Facebook կորպորացիայի պաշտոնական զեկույցում: 2012թ. Ցուկերբերգի աշխատավարձը կազմել է կես մլն դոլար:

«Աշխատանքի վարձատրության մեր հանձնաժողովը ուսումնասիրել և հավանություն է տվել գործադիր տնօրենի այն դիմումին, որի համաձայն նրա աշխատավարձը կկրճատվի մինչև տարեկան մեկ դոլար», – ասված է զեկույցում:

Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել, այսպիսով՝ 2013-ին Ցուկերբերգը կստանա տարեկան մեկ դոլար:

Forbes հեղինակավոր հանդեսի վարկածով՝ Մարկ Ցուկերբերգը մտնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ 100-ի մեջ՝ 13,3 մլրդ դոլար կարողությամբ: 28 տարեկան Ցուկերբերգը աշխարհի ամենաերիտասարդ մեծահարուստն է:

1998թ. մեկ դոլար աշխատավարձ է իր համար սահմանել Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը: 2005թ. Google-ի համահիմնադիրներ Լարի Փեյջը, Սերգեյ Բրինն ու ընկերության ներկայիս ղեկավար Էրիկ Շմիդտը հետևել են Ջոբսի օրինակին: