Ոստիկանությունը հերքում է Աջափնյակում 8 հազ. ապարանցի գրանցելու մասին լուրը

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հավաստիացնում է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Համացանցում և տպագիր մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Աջափնյակում 8 հազ. ապարանցի է գրանցվել: Հայտնում ենք, որ մատուցվածը կրկին ապատեղեկատվություն է և հերթական անգամ կեղծ հայտարարություններով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը: Ընտրական գործընթացների շրջանակում բազմիցս հնչեցվել են նմանատիպ հիմնազուրկ հայտարարություններ, որոնցից որևէ մեկը սակայն, չի հիմնավորվել: Հայտարարության անառարկայականության վկայությունն է նաև ստորև բերված թվային համեմատականը:

Աջափնյակ վարչական շրջանում 2013թ. հունվարի 9-ին հրապարակված ՀՀ նախագահի ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է եղել 81 614 ընտրող, իսկ 2013թ. մարտի 27-ին հրապարակված Երևանի ավագանու ընտրությունների նախնական ընտրացուցակներում ընդգրկված է 81 751 ընտրող:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հավաստիացրել է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան հիմքերի առկայության պայմաններում»:

Մեկնաբանել