Պարագվայի նախագահը հանուն կարիքավորների հրաժարվել է աշխատավարձից

Պարագվայի նորընտիր նախագահ Օրասիո Կարտեսը հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է իրեն հասանելիք աշխատավարձից, այս մասին ապրիլի 29-ին գրել է La Nacion թերթը:

Կարտեսի խոսքով՝ ինքը մտադիր է նվիրաբերել իր նախագահական աշխատավարձը անօթևան երեխաներին և անբուժելի հիվանդներին: Նորընտիր նախագահը նաև նշել է, որ «շատ ավելի երջանիկ կլինի», եթե իրեն հասանելիք գումարը ստանան դրա կարիքն իսկապես ունեցող մարդիկ:

56-ամյա Օրասիո Կարտեսը Պարագվայի նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին: Նախագահական ընտրություններում նա հանդես է եկել «Կոլորադո» աջակենտրոն կուսակցությունից, որն այդ պահին ընդդիմություն էր երկրում: Կարտեսը հավաքել է ձայների 45,8 տոկոսը՝ 9 տոկոսով առաջ անցնելով իշխող կուսակցության ներկայացուցիչ Էֆրային Ալեգրեից: Կարտեսի երդմնակալության արարողությունը նախատեսված է օգոստոսի կեսերին:

Օրասիո Կարտեսը Պարագվայի ամենահարուստ մարդկանցից է: Նրան է պատկանում շուրջ 25 խոշոր ընկերություն, որոնք հիմնականում կապված են ծխախոտի, խմիչքների և սննդամթերքի արտադրության հետ: