Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները կազմել են 200 մլն

2013թ. 1-ին եռամսյակում համաշխարհային շուկա է մատակարարվել 200 մլն սմարթֆոն, ինչը 30%-ով գերազանցում է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է BusinessInsider-ը` վկայակոչելով Juniper Research հետազոտական ընկերության տվյալները:

Սմարթֆոններ մատակարարող առաջատար ընկերությունները նույնն են` էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung-ը և ամերիկյան Apple-ը: Հաշվետու ժամանակահատվածում Samsung-ը մատակարարել է 68 մլն սմարթֆոն` ապահովելով համաշխարհային շուկա մատակարարվող սմարթֆոնների 34%-ը: Ընկերությունը հայտարարել է Galaxy S3 սմարթֆոնների վաճառքների կայուն աճի, ինչպես նաև Note II սարքավորումների վաճառքների ցուցանիշների բարելավման մասին:

Մեկ այլ` International Data Company (IDC) վերլուծական ընկերության տվյալների համաձայն` Samsung-ի Android մատչելի սարքավորումների շարքը նպաստել է մատակարարումների ցուցանիշի բարձրացմանը` մինչև 70,7 մլն, ինչը կազմում է գլոբալ շուկայի 32,7%-ը: Համեմատության համար նշենք, որ 2012թ. այս ցուցանիշը կազմել է 28,8%:

Ինչ վերաբերում է iPhone սմարթֆոններին, ապա 2013թ. 1-ին եռամսյակում 37,4 մլն վաճառված սարքավորումներն արտացոլում են 7-տոկոսանոց աճ նախորդ տարվա վաճառքների 22-տոկոսանոց անկման համեմատ:

Բջջային սարքավորումների արտադրության նախկին առաջատար ֆիննական Nokia-ն այս տարի զիջել է իր դիրքերը` տեղափոխվելով վարկանիշի վերջին հորիզոնականները: 2012թ. 4-րդ եռամսյակայի տվյալների համաձայն` ընկերությունն իրացրել է 6,1 մլն սմարֆոն, այդ թվում` 5,6 մլն-ը Lumia դասի սմարթֆոնները:

Կանադական BlackBerry ընկերությունը, որը դեռ չի հրապարակել իր եռամսյակային տվյալները, փորձագետների կանխատեսմամբ` իրացրել է առնվազն 6 մլն սմարթֆոն, որից 1 մլն-ը BlackBerry 10 նոր օպերացիոն հմակարգով աշխատող սարքավորումներն են:

Փորձագետները նշում են, որ BlackBerry-ն և Nokia-ն տարին սկսել են դրական ցուցանիշների արձանագրմամբ, սակայն ժամանակ է անհրաժեշտ այդ դիրքերն ամրապնդելու համար: Նրանք նաև նշում են, որ էլեկտրատեխնիկա արտադրող հարավորեական LG-ն գրանցել է վաճառքի ռեկորդային ցուցանիշներ: Ընկերությունը շուկա է մատակարարել 10,3 մլն սմարֆոն, իսկ շուկայական մասնաբաժինը` ավելացրել 5%-ով, ինչի արդյունքում LG-ն դարձել է սմարթֆոններ արտադրող 3-րդ ամենախոշոր ընկերությունն աշխարհում:

Juniper Research-ի տվյալների համաձայն` չինական Huawei տեխնոլոգիական ընկերությունը շուկա է մատակարարել շուրջ 10 մլն սմարթֆոն` զբաղեցնելով վարկանիշային ցուցակի 4-րդ տեղը: Իսկ 5-րդ հորիզոնականում է էլեկտրատեխնիկա արտադրող չինական ZTE ընկերությունը: