«Սարդարապատը» չի հիասթափվել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումից

Ընդդիմության ուժերը զբաղված են միայն քաղաքական ասֆալտապատմամբ ու ճաքերը փակելով, սակայն պատրաստ չեն փոխել ամբողջ քաղաքական համակարգը: Ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` նշելով, որ ներկայում «մոդայիկ» է ընդդիմություն լինելը, և ինքը չի զարմանա, եթե Սերժ Սարգսյանն էլ մի օր իրեն ընդդիմություն հռչակի:

Խզմալյանը նշեց նաև, որ լուրերը, թե «Սարդարապատ» շարժումը հիասթափվել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումից, իրականությանը չի համապատասխանում:

«Հիասթափության չկա, կա մի այլ գործընթաց, երբ մենք գտնվում ենք կարևոր ժամանակաշրջանում: Հայաստանի նորանկախ պատմության մեջ առնվազն երրորդ անգամ տեղի ունեցավ սեփականության վերաբաշխում»,- նշեց Խզմալյանը` նշելով, որ այդ տրամաբանության մեջ տեղի է ունենում քաղաքական գզվռտոց, որը շատերը շփոթում են քաղաքական պայքարի հետ:

Խզմալյանի խոսքով՝ չնայած Հայաստանում կուսակցությունների մեծ թվին` գոյություն չունի մեկ կուսակցություն, որը պաշտպանում է աշխատավոր ժողովրդի շահերը: Ըստ նրա՝ բոլորը ծառայում են խոշոր բուրժուական, իմպերալիստական և արտաքին տերերին:

«Մենք պարտավոր ենք ձևավորել քաղաքական մարմին, որը կպաշտպանի աշխատավոր ժողովրդին, և այդ խնդիրը դրված է «Նախախորհրդարանի» առջև»,- ասաց Խզմալյանը:

Անդրադառնալով Ազատության հրապարակի ապրիլի 9-ի իրադարձություններին՝ նա նշեց, որ ժողովրդի կողմից «հիմա» վանկարկումներն ուղղված էին ոչ թե Բաղրամյան 26 կամ Ծիծեռնակաբերդ գնալուն, այլ քաղաքական ծրագիր ներկայացնելուն, ինչը ներկայում պատրաստվում են իրենք անել:

Խոսելով «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի շարժումների ու դրանք «ձախողվելու» մասին` Խզմալյանը նշեց, որ այդ շարժումների ընթացքում  շարունակվում է դիտարկվել մի երևույթ, երբ ժողովուրդը մոտենում է ժողովրդավարության կարևոր կետի, սակայն քաղաքական կուսակցություններն ու ուժերը հետ են քաշվում այդ կետից:

«Ոչ մի փրկիչ, կուռք և առաջորդ ի վիճակի չեղավ կատարել այն առաքելությունը, որը վերցրել էր իր վրա»,- ասաց կինոռեժիսորը:

Խզմալյանը հայտարարեց, որ մայիսի 9-ից «Նախախորհրդարանը» սկսում է հանրահավաքների շարք, որի միջոցով նպատակ ունի տապալել «զավթիչ վարչախմբի ամբողջ համակարգը, որը Հայաստանը տանում է դեպի գաղութացում»:

Հարցին, թե ինչու է շարժումը այսքան ուշ սկսում պայքարը՝ Խզմալյանը նշեց, որ իրենք չէին ցանկանում «պատերազմի ժամանակ» կիսվել և պառակտվել, սակայն ներկայում համոզվել են, որ սպասելն անիմաստ է: