Մունիցիպալ աղոթք

Թատրոնի պատի տակ փախստական կինը, մի ոտքը առիթմիկ խփելով ասֆալտին, երգում էր. «Завтра улечу в солнечное лето, буду делать все, что захочу»: Տեքստը անառողջ գույնի ու կնոջ համար անվայել հագուստի հետ անհամատեղելի առույգ էր: Տասներեք –տասնչորս տարեկան մի տղա մոտեցավ, կոպեկ դրեց խաղալիքի տուփի մեջ: Կինը դադարեցրեց իր մենահամերգը ու արդեն իրական ձայնով կտրուկ ասաց. «Убери, ты пока не работаешь»… Ու սկսեց նորից երգել, եթե դա կարելի էր երգ անվանել: Իսկ իրականում դա ողբ էր: Գեշ ողբ էր: Անշնորհք հուսահատություն էր: Իսկ նրա վերևում քաղաքապետի՝ ակնկալվող թեկնածուների վաստակավոր անսամբլի նկարն էր` բարի-բարի, մտահոգ-մտահոգ դեմքերով…
Ուշ երեկո է: Տերյան փողոցի «Օմեգա» գիշերային ակումբի դռան մոտ անհամապատասխան հագուստով տղամարդու ուրվագիծը լարում է անցորդի ուշադրությունը: Տերյանի հին բակերից մեկի հին բնակիչ, մի կերպ ապրող Վախթանգն է` հոգեկան խնդիր ունեցող, հայտնի գիտնականի գիտնական որդին… Հոր հինավուց ցիլինդրով մոտեցել է «Օմեգայի» դռներին, ինչ -որ բան է ուզում տեսնել, ինչ-որ մի բան… Ու քթի տակ կրկնում է ամբողջ օրն անդադար կրկնվող նախադասությունը. «Եթե մայրս ողջ լիներ, ես վաղուց Ռուսաստանի քաղաքացի կլինեի»: Ռուս աղջիկ էր տեսել երևի, ու նախադասությունը տանջված ուղեղում ձևավորվել էր տեղում:
«Գամառ Քաթիպան ո՞վ էր, գիտե՞ս»,- հարցնում է տաքսու վարորդը: Ասում եմ` գիտեմ, բանասեր եմ, ասում է. «Բա ինչ հապավում է, գիտե՞ս»: Հարցնում եմ. «Բա դուք ինչո՞ւ գիտեք, ինչների՞դ է պետք, որտեղի՞ց գիտեք», ասում է. «Ես էլ էի մանկավարժ»:
Մեկ ուրիշ տաքսիստ ասում է` «Բայրոն փողոցն էլ գիտեմ,Բայրոնին էլ գիտեմ» ու արտասանում է: Թխվածքներ վաճառող քառասունն անց գեղեցկուհին մեր կենցաղային «ինչ կա չկա»-ի ընթացքում ասում է. «Չէ՛, ես ստեղ չէի էդ ժամանակ, ես Երևանում չեմ ավարտել, Մոսկվայի համալսարանն եմ ավարտել»: Ասում է հենց էնպես, իմիջիայլոց ու փաթաթում տաք կարկանդակները:
Մանրապատումների թախծոտ շարքը հատորներ կտանի, որոնցով լցված է քաղաքն իմ` շռայլորեն անհեթեթ ու ծայրահեղորեն առատ: Ու լուսապսակի նման քաղաքապետի թեկնածուների որմնանկարները` բարի, ժպտերես, մտերիմ: Քաղաքական այս լուսապսակի մեջ փնտրում ես մեկին, որը վերջին տարիների ընթացքում հոշոտված շենքերի թեմայով մի վանկ բողոքած լիներ բարձրաձայն, այնպես, ինչպես հիմա: «Հիմա»-ն քաղցր է: Ինչպե՞ս չհարցնել ձեզ, պարոնա՛յք. ինչպե՞ս եղավ, որ քաղաքում, որտեղ պատրաստվում եք քաղաքապետ դառնալ, վերջին տարիների ընթացքում քանդվել են մշակութային արժեքներ ու դուք լռել եք: Քանի ճարտարապետական հետաքրքիր լուծում, քանի հուշ, քանի հին շենք, քանի անարդար տեղահանված երևանցի, քանի ծիծաղելի ֆինանսական փոխհատուցում քանդվող հայրական տների դիմաց: Ինչո՞ւ չլսվեց ձեր գրագետ կամ ` ոչ այնքան գրագետ ձայնը, ձեր խրոխտ, վճռական «ոչ»-ը, «ոչ»-ի կարիքն ունեին և՛ քանդվող տների տերերը, և՛ հոշոտվող քաղաքի բնակիչները: Շշուկ չհանեցիք, չարտաբերեցիք մի կիսաձայն «ոչ». այդ ի՞նչ հիմքի վրա եք նախատեսում ստանալ հավատավոր երևանցու սպանված ձայնը:
Կարո՞ղ եք հաշվել, թե քանի մարդու ազնիվ ձայն կվաստակեիք, եթե կանգնեիք հրապարակավ ասեիք. «Մի՛ քանդեք փակ շուկան, մի՛ հավասարեցրեք հողին լեզվի ինստիտուտի շենքը, մի՛ ոչնչացրեք Ռաֆայել Իսրայելյանի տունը, մի՛ վերացրեք Բուզանդի հին շենքերը, մի՛ փոշիացրեք Արամի փողոցի քանդակազարդ տները, մի՛ լիկվիդացրեք երիտասարդական պալատը, մի՛ բետոնապատեք Թամանյանի գծած պողոտան, մի՛ հոշոտեք քաղաքի ծառերը»: Դուք հիշվող դեմքեր եք, ու եթե ասեիք այդ «մի»-ն` ձեզ կհիշեին, չէին մոռանա` այդտեղից բխող բոլոր հետևանքներով: Բայց դուք լռել եք: Եվ սա այն դեպքը չէ, երբ «ամենալավ երգը լռությունն է»: Ձեր լռության պարգևը ձեր բարեկեցությունն է, ձեր լռության գինը` անվստահությունը: Իսկ մենք մեղք ենք, որովհետև պետք է, այնուամենայնիվ, ընտրենք, ընտրենք ամենամեղմ լռությունը:
Կուզեինք ունենալ ձեզանից յուրաքանչյուրի նամակը՝ ուղղված ընտրող երևանցուն, բայց միայն Տարոնինն ունենք: (Հիշեցնեմ, որ գործող քաղաքապետը դեմ չէ, երբ իր հետ անունով են խոսում և դիմում «դու»-ով): Չենք մտածում, իհարկե, որ գիշերը լուսամփոփի տակ փետրավոր գրիչը թանաքի մեջ թաթախելով է գրվել նամակը և յուրաքանչյուրիս առանձին, բայց դե եթե ստանում ենք, կարդում ենք:
Տարոնը գրում է. «Կրկին դիմում եմ ձեզ, թեև ասելիքս փոխանցելու այս ձևն առաջին անգամ եմ կիրառում: Անկեղծ ասած՝ մարդու իմ տեսակը հակված չէ ճառերի ու միտինգային վարվեցողության: Ինձ համար միշտ նախընտրելի է եղել սրտամոտ, մտերմիկ զրույցը մարդկանց հետ, նրանց խնդիրները հասկանալն ու հոգսը հոգալը»:
Ջերալդինա Չապլինին ուղղած հայր Չապլինի նամակի ոճով գրված այս նախընտրական սենտիմենտը հիշեցրեց Ռուբեն Հայրապետյանի նամակը` Վահե Ավետյանի սպանությունից քիչ ժամանակ անց: Այն ժամանակ ինձ համար անսպասելիորեն իմացա, որ Ռուբեն Հայրապետյանը նարեկացու ոճով է գրում: Իսկ Տարոն Մարգարյանը` Նար-Դոսի:
«Մարդու Տարոնի տեսակը»: Հազվագյուտ չէ այս տեսակը: Տեսակն այդ սովորաբար ճառեր չի ասում մի պարզ պատճառով` չի կարողանում: Ճառ ասելը, իհարկե, Պուանկարեի հիպոթեզ լուծել չէ, բայց էլի հմտություն ու հնարավորություն պահանջող ձիրք է: Ինչ վերաբերում է միտինգ անելուն, ապա մի մանկական հարց. «Ու՞մ դեմ պիտի միտինգ անեինք, ինչի՞ դեմ, հանուն ինչի՞»: Կեղծված ընտրությունների դեմ միտինգ անել չէիք կարող, քանդվող շենքերի համար չէիք կարող` կհանեին աշխատանքից, բա էլ ինչի՞ համար կամ ինչի՞ դեմ: Մարդու Ձեր (այնուամենայնիվ` Ձեր) տեսակը միտինգ չի անում ոչ թե տեսակի պատճառով, այլ տեսակի հետևանքով: Իսկ ինչ վերաբերում է «պաշտոնյա և քաղաքացի շինծու տարանջատումը ինձ ավելի քան հասկանալի չէ» ասույթին ………… Դե ինչ ասեմ, քաղաքացին, օրինակ, բանակում ծառայում է, պաշտոնյայի տղան` ոչ: Հուսամ սպառիչ էր տարանջատումը :
Մենք ` հոշոտված քաղաքի քաղաքացիներս, հենց ուզում ենք բարձրաձայն բողոքել ու հենց սկսվում է ստացվել` անտեսանելի մի ձեռք տարածում է, թե սա վերևից ուղղորդված շարժում է` լինի քաղաքացիական, թե քաղաքական… Սուտ էլ է լինում, ճիշտ էլ, բայց ամեն դեպքում, երբ նույնիսկ ուղղորդված շարժման մեջ մենք մի ձայն ենք բարձրացնում, հետո այդ ձայնին գումարվում է հարյուր ձայն ` աղաղակ է դառնում… Իսկ աղաղակը ուղղորդելն արդեն դժվար է: Ինչպես կասեր Տարոնը` մարդու մեր տեսակը իրավունք չունի հուսահատվելու, քանի դեռ շատ են մարդու մյուս տեսակները, որովհետև նրանք շատ են ու նրանց խանգարող միակ բանը մեր Չհուսահատվելն է: Շարունակենք փնտրել Չլռողին: Պահպանենք մարդու ՄԵՐ տեսակը… որ հանկարծ Չհասնենք «Завтра улечу в солнечное лето, буду делать все, что захочу» վիճակին:

Լուսինե Հովհաննիսյան, Zham.am