Հայ ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովին

Ապրիլի 30-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում ավելի քան 30 ուսանողներ բարելավել են ՄԱԿ-ի արժեքների, միջուկային զենքի վերացման կարևորության վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաև բանակցային և հաղորդակցության հմտությունները: Ինչպես հաղորդում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, այս խորհրդաժողովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ձևաչափով էր՝ նվիրված Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների խնդրին:

Ուսանողները խաղացել են դիվանագետների դերեր, ներկայացրել իրենց համապատասխան երկրների՝ ԱԽ անդամ-պետությունների դիրքորոշումները, քննարկել և համաձայնվել ԱԽ բանաձևի շուրջ: Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների և կառուցվածքի, ինչպես նաև ընթացակարգի մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար:

«Դուք ավելին սովորեցիք ՄԱԿ-ի և ԱԽ առաջատար դերի մասին՝ միջուկային զենքի տարածումը կանխելու գործում: Ուսանողները սովորեցին, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է՝ պատրաստել իրենց համապատասխան երկրի դիրքորոշումը, պատշաճ կերպով հնչեցնել այն, բանակցել և ընդհանուր եզրեր գտնել այլ երկրների հետ՝ հաշվի առնելով հնարավոր հետևանքները ոչ միայն իրենց երկրի և տարածաշրջանի, այլ ամբողջ մոլորակի համար: Բանակցելու, համաձայնության գալու և հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար և ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»,- ասել է ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խորհրդաժողովի բացմանը:

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և ԵՊԼՀ պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը նշել են, որ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովներն օգտակար են ուսանողներին՝ ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգի մարտահրավերները, խաղաղության և անվտանգության հարցում ՄԱԿ-ի կատարած դերն ավելի լավ հասկանալու համար: Նրանք տպավորված էին այն հետաքրքրությամբ և խանդավառությամբ, որոնք մասնակիցները ներդրել էին իրենց հետազոտություններում և ելույթներում:

Ամբողջ օրվա ընթացքում ուսանողներն ակտիվորեն քննարկել են օրակարգային խնդիրը և որպես արդյունք կազմել բանաձևի մի նախագիծ, ինչն էլ հաջողությամբ ընդունվել է օրվա ավարտին: