Գյումրիում ապրիլի 23-ին տեղի ունեցած սպանության գործով 60 վկա է հարցաքննվել

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել Գյումրի քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 23-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Ապրիլի 25-ին ձերբակալված Գևորգ Խաչատրյանի նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաև անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:

Նշանակվել են դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, դատաձգաբանական, դատամատնադրոշմային և դատաքիմիական համալիր փորձաքննություն, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Մեկնաբանել